1554 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-29 14:30
Օրենքի դաշտում

Գումարային վեճը ավարտվել է սպանությամբ․ տղամարդը կալանավորվել է

Գումարային վեճը ավարտվել է սպանությամբ․ տղամարդը կալանավորվել է

Գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա ահազանգել է շտապօգնություն և հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել

«Իշխանություն» լրատվականը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ 2026 թվականի հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Ն.Ռ.-ի մահը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

Դատաբժշկական փորձագետի կողմից տրված նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: