«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ-ում անդրադարձավ ՀԷՑ-ում չարաշահումների մասին իշխող ուժի քննադատություններին, ինչպես նաև այլևս պետական մասնաբաժին ունեցող ընկերություններում՝ «Հայփոստի» վնասով աշխատելուն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատում տենդերների հետ կապված իրավիճակին և առաջարկեց ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում քննարկել հարցը և ստեղծել ձևաչափ՝ ընդլայնելով խորհրդարանական վերահսկողությունը այդ ուղղությամբ։
«Եկեք սկսենք գործընթաց, հրավիրենք տարեկան մի քանի օր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին, որոնք որ համակարգում են կառավարումը տվյալ ընկերության կառավարման խորհրդին և այս հարցերը քննարկենք, բարձրացնենք։ Ընդ որում՝ ես որպես բիզնեսում երկար տարիներ աշխատած մարդ՝ գտնում եմ, որ ճիշտ կլինի նաև ներգրավենք «Big 4» աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչներին, թող գան, անեն ոչ միայն ֆինանսական աուդիտ, նաև անեն տեխնիկական աուդիտ, ինչպես օրինակի համար դա տարիներ առաջ արվել է ՀԷՑ-ում, ստուգենք տենդերները, այո, խորհրդարանական ձևաչափով»։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը Ադանայի վերաբերյալ՝ նա ընդգծեց, «Ոչ մեկ տարածքային նկրտումներ չունի, բայց եկեք հիշենք էլի, որ Ադանայում Մեծի Տանը Կիլիկիո աթոռն է եղել, կաթողիկոսի աթոռն է եղել 11-րդ դարից մինչև 15-րդ դար, ունեցել ենք Կիլիկյան Հայաստան։ Ընդ որում, բազմաթիվ աղբյուրներ ասում են, որ Գրիգոր Լուսավորիչն էլ մինչև Էջմիածին գալը աթոռը հիմնադրել է Կիլիկիայում։ Եկեք նաև հիշենք Ադանայի ջարդը 1909 թվականին, որը Հայոց Ցեղասպանության դրվագներից մեկն է, շուրջ 30 000 հայ կոտորվել է Ադանայում։
Ժողովուրդ, Հայաստանի Հանրապետություն և պատմական հայրենիք հասկացությունները եկեք չխառնենք, մենք ունենք պատմական հիշողություն, մենք ունենք սփյուռք, ասել, որ Ադանան մեզ հետ որևիցե առնչություն չունի կամ մեր հայրենիքը չէ՝ ճիշտ չէ եկեք այս մասին խոսելիս մի քիչ զգույշ խոսենք»։