2026թ․ ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3 տոկոսով։ Մասնավորապես, 2025թ․ առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է 22 025 դեպք, իսկ 2026–ին` 21 960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում 2026թ․ առաջին կիսամյակում հանցավորության իրավիճակը։
Նրա խոսքով՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1․9 %-ով։ Արձանագրված դեպքերի 88,2 %-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11,8 %-ը՝ ծանր և առանձնապես ծանր դեպքերը։ Ցուցուլյանի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում նվազում է արձանագրվել՝ հաստատված սպանություններով, 2025 թ․-ին՝ 21 դեպք, 2026թ․-ին՝ 20 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում՝ մահվան ելքով, խուլիգանության, զենքի գործադրման, ավազակության, կողոպուտի, գողության, յուրացման դեպքերով, միևնույն ժամանակ, աճել են՝ սպանության փորձերի դեպքերը՝ 2025թ․ 39 դեպք, 2026թ-ին՝ 51 դեպք, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, մասնավորապես, 2025թ․-ին 107 դեպք, 2026թ-ին՝ 114 դեպք։
Աճել են նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը՝ 2025թ՝ 82 դեպք, 93 դեպք՝ 2026 թ․-ին։ Սպանության փորձի դեպքերի աճին անդրադառնալով՝ Ցուցուլյանը նշեց, որ դրանց աճը պայմանավորված է մի քանի գործոններով, մասնավորապես, դեպքերից 4-ը կատարվել է նախորդ տարում, բայց հաշվառվել են 2026թ․, իսկ 6-ը սպանության նախապատրաստության դեպքեր են, որոնք կանխվել են, բացի այդ, կան դեպքեր, որոնք նախաձեռնվել են այդ հոդվածով, բայց նախաքննության ընթացքում այլ հանգամանքներ են պարզվել, վերաորակում է եղել։