1296 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-19 18:57
Քաղաքական խաղադաշտ

Ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, եթե պատգամավոր եղած ժամանակ ինչ-որ բան չեմ հասցրել անեմ. Դանիելյան

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում՝Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին, քաղբանտարկյալների խնդիրներին և ԵՄ-ի արձագանքին։

Դանիելյանը իր զորակցությունն է հայտնել քաղբանտարկյալներին՝ նշելով Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Աշոտ Մինասյանի և Մարտունի Գրիգորյանի անունները։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի բարելավման ուղղությամբ, սակայն վերջին տարիներին, իր գնահատմամբ, ԵՄ-ի կողմից իշխանությունների գործողություններին համարժեք գնահատականներ չեն հնչում։

Դանիելյանն անդրադարձել է նաև խորհրդարանում չլինելու պատճառներին՝ նշելով, որ ինքը ցուցակի կազմման կամ առաջնային տեղերի համար որևէ հավակնություն չի ունեցել և ցուցակում ընդգրկվելու հարցը թողել է գործընկերների հայեցողությանը։

Նա ընդգծել է, որ պատգամավոր չլինելը չի նշանակում քաղաքական պայքարից հեռանալ։ Դանիելյանի խոսքով՝ ինքը շարունակում է զբաղվել քաղբանտարկյալների հարցերով, նրանց ընտանիքներին աջակցելու և այդ խնդիրները բարձրաձայնելու աշխատանքով։

«Մանդատով, թե առանց մանդատի՝ ես իմ պայքարը շարունակելու եմ»,– նշել է Դանիելյանը։

Նա նաև ընդգծել է, որ իր համար առաջնային խնդիրը ոչ թե պատգամավոր լինելն է, այլ իշխանություններին հեռացնելը: