«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Մերձավանի\nաղմկահարույց սպանություններից հետո պաշտոնանկ եղած Արմավիրի մարզի ոստիկանապետ\nԱրթուր Բդոյանը կրկին բարձր պաշտոն է ստացել։ Ներքին գործերի նախարարությունից\nհայտնեցին, որ նա նշանակվել է ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր\nվարչության օպերատիվ վարչության պետի տեղակալ։
\n\n\n\nՀիշեցնենք՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական\nոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունից հետո Արմավիրի մարզի իրավապահ համակարգում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ\nազատվել էին զբաղեցրած պաշտոններից, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Արթուր Բդոյանը։\nՊաշտոնական հիմնավորում չկար, սակայն պատճառն առավել քան պարզ էր․ սպանությունները\nչէին կանխվել, Մերձավանում օպերատիվ իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից։
\n\nՍակայն այսօր պարզվում է, որ այդ «պատժիչ» որոշումները, փաստացի, չեն\nունեցել ո՛չ իրավական, ո՛չ բարոյական հետևանք։ Ժամանակավոր պաշտոնանկությունները ավելի շատ\nհանրային դժգոհությունը մարելու ֆիկտիվ քայլեր էին։ Փաստորեն, մարդկանց ազատել են\nոչ թե ձախողման, ծառայողական անգործության կամ համակարգային բացթողումների համար,\nայլ պարզապես՝ «մինչև կրքերը հանդարտվեն»։ Իսկ հետո նույն մարդիկ վերադարձել են\nհամակարգ՝ նոր, ոչ պակաս ազդեցիկ պաշտոններով։
\n\nԱյս պատմությունն ունի նաև ծանր\nբարոյական կողմ։ Արմավիրի մարզում ձևավորված քրեական միջավայրի և իրավապահների\nվերահսկողության բացակայության հետևանքով զոհվեց նաև ոստիկանության աշխատակից\nԿարեն Աբրահամյանը։
Լիա Սարգսյան