«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին՝ Բյուջետային հարցերի հանձնաժողովի առաջնահերթությունների վերաբերյալ։
Հայկ Ֆարմանյանը նշել է, որ եթե Մանուկյանն ընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իրենք իրենց ամբողջ ներուժը կներդնեն նրան աջակցելու և արդյունավետ աշխատելու համար։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի բյուջեի ծախսերի թափանցիկությունը։
«Թիվ 1 առաջնահերթությունը բյուջեի ծախսերի թափանցիկությունն է։ Մեր հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե բյուջեի միջոցները ո՞ր ուղղությամբ են ծախսվում, ինչո՞ւ ենք մենք օր օրի ավելացնում պետական պարտքը»,– նշել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ պետք է հստակ հասկանալ՝ ինչ նպատակներով է ավելանում պետական պարտքը, ինչ ուղղությամբ է այն ծախսվում և արդյոք այդ ծախսերի արդյունքում երկիրը տնտեսական աճ է ունենալու։
«Ունենք 15 միլիարդ դոլարի պետական պարտք։ Ես վստահ եմ, որ շատերի մոտ հարց է առաջանում՝ մեզ ի՞նչ դրանից»,– ասել է նա։
Ֆարմանյանը նաև նշել է, որ իրեն անհանգստացնում են պետական պարտքի տոկոսները և դրա թանկացումը։
Նա քննադատել է, իր գնահատմամբ, ոչ առաջնահերթ ծախսերը՝ նշելով փառատոների կազմակերպումն ու Հայաստան միջազգային արտիստներ հրավիրելու ծրագրերը։
«Մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ, թող ծայրահեղություն չհնչի, բայց ունի նաև հակաճգնաժամային կառավարման կարիք։ Բազմաթիվ անարդյունավետ ծախսեր կան»,– նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը պետք է այս ուղղությամբ աշխատի ավելի մեծ էներգիայով՝ «հանուն մեր հայրենիքի, հանուն մեր Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի»։