«Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս։ Կներեք, արդեն հերիք եղավ, բոլ եղավ»․ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրության նոր տեքստին, ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նկատի ունենալով ընդդիմությանը։
«Հերիք է, բավ է։ Դա մեր ներքին գործն է։ Մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ շարունակ և ուզում ենք, որ ժողովուրդն ինքը որոշի։ Թե ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ»,- նշել է նա։
Գալյանի խոսքով՝ մշակվել է նախագիծ, որը ցանկանում են ներկայացնել ժողովրդի դատին։
«Հնարավոր է՝ կարդաք և տեսնեք, որ շատ լավ նախագիծ է, որը, օրինակ, ավելի լայն հնարավորություններ է ընձեռում ընդդիմությանը, ավելի մեծ լիազորություններ տալիս Ազգային ժողովին՝ այդպիսով հավասարակշռելով վարչապետի իշխանությունը։
Այն, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու Ազգային ժողովի առջև, իսկ Գլխավոր դատախազությունը՝ այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումների հարցերը կքննարկվեն հաշվետվողականության սկզբունքի իրացմամբ, և այսպես շարունակ»,- հավելել է արդարադատության նախարարը։