834 դիտում, 9 ժամ առաջ - 2026-11-03 12:35
Հայաստանով մեկ

Որքա՞ն կալանավոր և դատապարտյալ կա Հայաստանում․ Գալյանը թվեր է ներկայացրել

Որքա՞ն կալանավոր և դատապարտյալ կա Հայաստանում․ Գալյանը թվեր է ներկայացրել

Մինչև նախորդ տարվա վերջ մեր երկրում դատապարտյալների թիվն ավելի նվազ է եղել, քան կալանավորների թիվը, և մենք շատ մեծ աշխատանք ենք արել, որ այդ հարաբերակցությունը փոխվի հօգուտ դատապարտյալների։ Նաև միջազգային զեկույցներում էր դա նշվում որպես խնդիր։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այսինքն՝ խոսքը կալանավորման մեծ ծավալների ու այդ համամասնությունը չպահպանելու մասին էր»,- ասաց նախարարը՝ հնչեցնելով թվային տվյալներ, որոնք վկայում են դրական տեղաշարժի մասին։

«Մենք այս պահի դրությամբ ունենք 1718 դատապարտյալ և 1522 կալանավոր։ Վերջին 5 տարիների ընթացքում այսպիսի թվային ցուցանիշ չենք ունեցել, ինչը վկայում է այն մասին, որ կալանավորումները փոքր-ինչ նվազել են, և նաև խոսում է մեկ այլ բանի մասին՝ դատական ակտերի կայացման և դրանց ուժի մեջ մտնելու դեպքերը շատացել են»,- նշեց արդարադատության նախարարը։

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին ու դրանց վերանորոգման աշխատանքներին, նախարարը հայտնեց, որ գրեթե բոլոր հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ արվել են։ Ավելի դանդաղ տեմպով այդ աշխատանքներն «Արթիկ» ՔԿՀ-ում են իրականացվել, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մյուս տարվա ընթացքում այդ աշխատանքները չեն իրականացվի։

«Մենք ընդհանուր թվով 170-ից ավելի օբյեկտում վերանորոգման աշխատանքներ ենք իրականացրել. մոտ 70 խուց և կացարան են վերանորոգվել, կարճատև ու երկարատև տեսակցությունների 10 սենյակ, 20-ից ավելի լոգարան է վերանորոգվել։ Վերանորոգման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, և այդ աշխատանքներում ներգրավվում են պատիժ կրող անձինք, որոնք դրանք իրականացնում են որպես աշխատանք, ինչը բալային համակարգի համատեքստում դրական ազդեցություն է ունենում նրանց համար։

Խոսքը պայմանական վաղաժամկետ ազատվելու վերաբերյալ զեկույցների կազմման մասին է»,- ասաց նա։