2295 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-12 16:38
Հայաստանով մեկ

Հիվանդանոցում մահացել է

Հիվանդանոցում մահացել է

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում, կիսակառույց շենքի նկուղում, անմարդկային պայմաններում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Արմավիրի մարզում գտնվող կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչ։ Նրանք գտնվել էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում, ինչից հետո տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։

Բուժհաստատությունում Հակոբ Սարգսյանը հետազոտվել էր։ Ըստ այդ պահին կատարված լաբորատոր հետազոտությունների՝ էական շեղումներ չէին արձանագրվել։

Ժամեր անց 59-ամյա տղամարդը հետագա բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Երևան։ Հետագայում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

«Իշխանություն» լրատվականի փոխանցեցին, որ Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է։ Նախնական տեղեկություններով՝ մահը վրա է հասել առողջական խնդիրների հետևանքով։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Իշխանության» հետ զրույցում հաստատեց Հակոբ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը։

«Նա վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդ էր և այս ամբողջ ընթացքում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական բազմաթիվ խնդիրներ ուներ, խոսքը մեկ հիվանդության կամ մեկ խնդրի մասին չէր։ Երեկ բուժկենտրոնից մեզ տեղեկացրին, որ նա մահացել է»,- «Իշխանությանը» հայտնեց Մարիամ Ծատրյանը։

Լիա Սարգսյան