552 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 14:58
Օրենքի դաշտում

«88 Գրուպ»-ը պահանջում է Վահե Մակարյանից հերքել Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ պնդումները

«88 Գրուպ»-ը պահանջում է Վահե Մակարյանից հերքել Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ պնդումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիֆինգի ընթացքում լրագրող Վահե Մակարյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հնչեցրել է հարցադրում, թե վերջինս, իբր, շահարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը՝ իր բիզնես գործունեությունն ընդլայնելու և գույքեր ձեռք բերելու նպատակով։ Այս կապակցությամբ «88 գրուպ»-ը հաղորդագրություն է տարածել։

«Պաշտոնապես հայտարարում ենք՝ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Նալբանդյանը որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ ՀՀ վարչապետի անունը չի օգտագործել և չի օգտագործում իր բիզնես գործունեության ընթացքում որևէ արտոնություն, առավելություն կամ գույք ձեռք բերելու նպատակով։

Ուստի լրագրող Վահե Մակարյանից պահանջում ենք հրապարակայնորեն հերքել Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ տարածված վերոնշյալ տեղեկությունները և ներկայացնել այն փաստական հիմքերը, որոնց վրա հիմնվել են իր հայտարարությունները։

Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն անձի կողմից «Հրազդան» ցեմենտի գործարքի վերաբերյալ ևս հրապարակվել կամ հնչեցվել են տեղեկություններ, որոնք, մեր պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը։

Նարեկ Նալբանդյանի և նրա հետ փոխկապակցված ընկերության անունն անհիմն շրջանառելը և նրա գործարար համբավին վնաս հասցնող չստուգված տեղեկություններ տարածելը չենք պատրաստվում անարձագանք թողնել։

Եթե հրապարակային հերքում չտարածվի, ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով օրենքով սահմանված կարգով հերքել իրականությանը չհամապատասխանող և գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև կիրառել օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության այլ միջոցներ։

Եթե Վահե Մակարյանն ունի իր հրապարակային պնդումները հաստատող փաստեր, ակնկալում ենք, որ դրանք կհրապարակվեն։ Հակառակ դեպքում պահանջում ենք նույն հրապարակայնությամբ հերքել տարածված տեղեկությունները»։