261 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-21 15:44
Հայաստանով մեկ

Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք:

Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության և անկախության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում Հայոց Հայրապետի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։