2013 դիտում, 1 շաբաթ առաջ - 2026-10-12 16:38
Պատմության հետքերով

Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. նոր մանրամասներ՝ Շաքիի դեպքի մասին

Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. նոր մանրամասներ՝ Շաքիի դեպքի մասին

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը «Ազատությանը»  մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից: 

39-ամյա կինը, ով այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել է զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, հենց այդ ժամանակ ինքը ձեռքով պահել է ինքնաձիը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են:

Այս ամենից հետո ձեռքից վիրավոր Անին սկսել է դանակով հարվածներ է հասցրել ադրբեջանցի զինվորին: Ասում է՝ եթե ինքը կռվի չբռնվեր զինվորի հետ, հնարավոր է և՛ ինքը, և՛ երեխաները սպանված լինեին: Երրորդ կրակոցն արդեն դիպել է կնոջ ոտքին:

«Ձայն չի հանել». կինը չի հասկացել, թե ում հետ գործ ունի:

Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել:

Ծանր վնասվածքներ ստացած կինը զայրացած է, որ իրավապահները տեղի բնակիչներին չեն զգուշացրել, որ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինվորի են փնտրում:

Ըստ ԱԱԾ-ի՝ զորամասը լքած և ենթադրաբար Հայաստան անցած զինվորի մասին Բաքուն հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին: Նասիմի Մուսաևը վնասազերծվել է հոկտեմբերի 1-ին՝ Բաքվի զգուշացումից երկու օր անց:

«Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ասել է կինը, որին ևս երեք վիրահատություն է սպասվում:

Ավետիսյանը նաև դժգոհում է, որ ոստիկանները, չնայած ահազանգին, իրենից ուշ են հասել դեպքի վայր: Կնոջ խոսքով՝ Սիսիանի ոստիկանության բաժանմունքը ավելի մոտ է Շաքիին, քան այն հյուրանոցը, որտեղից ինքը հասել է իր տուն:

«Եթե իրենք ամսի 29-ից տեղյակ են եղել, որ ադրբեջանցի է եկել, ո՞նց կարող էին ահազանգով միանգամից վազելով չգալ»,- հարցրել է Ավետիսյանը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը «սովորական կրիմինալ միջադեպ» էր անվանել Շաքիում տեղի ունեցածը և մեղադրել, որ Ավետիսյանը չի սպասել ոստիկանությանը:

«Հասկանում եմ, որ մայրական բնազդը ուժեղ է, բայց երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- անցած շաբաթ Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետը:

Ադրբեջանցի զինծառայողը կալանավորված է, մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: