285 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 13:13
Քաղաքական խաղադաշտ

Ադրբեջանը շարունակում է բարձրացնել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը. Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է բարձրացնել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը. Միրզոյան

Այո՛, Ադրբեջանը շարունակում է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

«Ադրբեջանն ասում է. «Ես նախաստորագրել եմ խաղաղության պայմանագիրը, բայց չեմ ստորագրելու այնքան ժամանակ, քանի դեռ ձեր Սահմանադրությունը չի փոխվել»։ Մենք էլ պատասխանում ենք. «Մեր Սահմանադրության մեջ մտահոգիչ որևէ բան չկա»»,— նշել է արտգործնախարարը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ հայկական կողմը չի կիսում ադրբեջանական մոտեցումներն այս հարցում։

«Ադրբեջանն էլ ի պատասխան ասում է. «Շատ լավ, մենք էլ ձեր մոտեցումները չենք կիսում»»,— նշել է Միրզոյանը։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը վստահեցրել է, որ ներկայում Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության հարցով որևէ բանակցություն չեն վարում։

«Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է սեղմ ժամկետներում հստակեցնել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամանակը։ Այս մոտեցումն այժմ էլ արդիական է»,— հավելել է կառավարության ներկայացուցիչը։