726 դիտում, 10 ժամ առաջ - 2026-11-03 11:30
Աշխարհով մեկ

ՌԴ-ից Հայաստան կանխիկ ռուբլու արտահանման նոր սահմանափակումներ են սահմանվել

ՌԴ-ից Հայաստան կանխիկ ռուբլու արտահանման նոր սահմանափակումներ են սահմանվել

Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ներկայացուցչության կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի 29.09.2026 թ. N 709 հրամանագրի համաձայն՝ սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։

Մասնավորապես, արգելքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը՝

  • ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում,

  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ հրամանագրով սահմանված դեպքերի։

Կոմիտեն հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։