1776 դիտում, 2 օր առաջ - 2026-11-19 19:05
Ի՞նչ է ուզում ժողովուրդը Օրենքի դաշտում

Ամբողջը դարձավ մոխիր, ապրուստիս միջոցից զրկվեցի. 24 հազար դոլարի վնաս՝ հրդեհի հետևանքով

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մուշ թաղամասի 10-րդ փողոցի 23-րդ տանը հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով լրջորեն տուժել է տան բնակիչ, լուսանկարիչ-օպերատոր Հայկ Հարությունյանը։

Կրակը ոչնչացրել է տան տանիքը, ինչպես նաև Հայկ Հարությունյանի՝ տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական ողջ տեխնիկան։ Միայն տեխնիկայի պատճառած վնասը, նրա գնահատմամբ, կազմում է շուրջ 24 հազար ԱՄՆ դոլար։

Հայկ Հարությունյանը հրապարակած տեսաուղերձում պատմել է կատարվածի մասին՝ նշելով, որ կորցրել է իր մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ ամբողջ գույքը։

«Բոլորդ գիտեք, որ լուսանկարիչ-օպերատոր եմ, ունեմ բավականին տեխնիկա, որն օգտագործում եմ իմ նկարահանումների և տարբեր միջոցառումների ժամանակ։ Նոյեմբերի 13-ին մեծ հրդեհ է տեղի ունեցել իմ աշխատասենյակում, որի հետևանքով այրվել է ամբողջ տեխնիկան՝ համակարգիչը, նոթբուքը, տպիչը, Ronin-ը, դրոնը և այն ամենը, ինչ կարողացել եմ ձեռք բերել»,- պատմել է նա։

Հարությունյանի խոսքով՝ իր համար ամենացավալին ոչ միայն նյութական կորուստն է, այլև այն, որ այժմ զրկվել է աշխատելու և սեփական ապրուստը վաստակելու հնարավորությունից։

Նա հրդեհի հավանական պատճառը կապում է էլեկտրական ցանցի հետ։

«Բայց հիմնական ցավս այն է, որ մեր էլեկտրական ցանցի հետ կապված բազմիցս նշել ենք, ասել ենք, խնդրել ենք, որ գան մեր հոսանքի լարերը փոխեն։ Փոխել են ընդամենը մի քանիսը, բայց, ինձ թվում է, նորմալ որակի մալուխ չեն տեղադրել»,- ասել է Հարությունյանը։

Տեսաուղերձում նա ցուցադրել է նաև տուն եկող էլեկտրական լարերը՝ ուշադրություն հրավիրելով դրանց վիճակի և բազմաթիվ միացումների վրա։

«Ես ցույց եմ տալիս՝ ինչ լարով է մեր տուն հոսանքը եկել։ Անմխիթար վիճակ է, բացված լարերով է եկել։ Սա մեկ միացում է, բայց սրանք միակը չեն, ևս մի քանիսն էլ կան։ Միացումների քանակը բավականին մեծ է, լարերն էլ անորակ են»,- նշել է նա։

Հարությունյանի խոսքով՝ խնդրի մասին բարձրաձայնել են նաև հարևանները, որոնք նույնպես բազմիցս բողոքներով դիմել են էլեկտրական ցանցին։

Նա ենթադրում է, որ հրդեհի օրը հնարավոր է՝ տեղի ունեցած լինի հոսանքի բարձր լարում, սակայն ընդգծում է, որ չի կարող հարյուր տոկոսով հաստատել այդ վարկածը։

«Կարծում եմ՝ հենց այդ օրը բարձր լարում է եղել, և այս ամենի հետևանքով ամբողջ տեխնիկան այրվել է։ Մի հատիկ դետալ չկա, որ ողջ մնացած լինի։ Ամբողջը վառվել է, դարձել մոխիր»,- ասել է նա։

Լուսանկարիչ-օպերատորը տեսաուղերձով դիմել է էլեկտրական ցանցի աշխատակիցներին՝ հորդորելով արձագանքել տեղի ունեցածին և փոխհատուցման հարցում պատասխանատվություն ստանձնել։

«Հարգելի՛ էլեկտրական ցանցի աշխատակիցներ, խնդրում եմ՝ եկեք այս իմ վնասին տեր եղեք, մեկս մյուսին տեր լինենք»,- ասել է նա։

Հարությունյանը նաև մտահոգություն է հայտնել, որ նման պայմաններում սովորական աշխատավոր մարդը զրկվում է իր աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։

«Եթե պետությունն այսօր սովորական, իմ պես աշխատավոր մարդուն չի կարողանում ապահովել այնքանով, որ նա կարողանա իր հանապազօրյա հացը վաստակել, սա, իրոք, ցավալի է»,- նշել է նա։

Այս պահին ընտանիքը կանգնած է լուրջ սոցիալական և կենցաղային խնդիրների առաջ։ Տան տանիքի վերականգնումից բացի՝ անհրաժեշտ է նաև վերականգնել Հայկ Հարությունյանի մասնագիտական գործունեությունը։

Դեպքի պատճառների և էլեկտրական ցանցի հնարավոր պատասխանատվության վերաբերյալ վերջնական գնահատականներ դեռևս հայտնի չեն։

Լուիզա Հարությունյան