Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա․ յուրաքանչյուր «պատվախնդիր» ծնող ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ որոշ ժամանակ այս երևույթը նույնիսկ ընկալվել է որպես սոցիալական կարգավիճակի մասին հայտարարություն։
«Սա համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։
«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դա չեմ կարող տարածել «հիվանդություն» ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ճնշել, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,-ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը հանրային բնույթ ունի և պահանջում է համակարգային լուծումներ։