Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի մշտական ներկայացուցչության աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ։
«Հարգելի հայրենակիցներ, Ի լրումն 2025 թվականի նոյեմբերի 4-ի հայտարարության՝ աշխատանքային խումբը շարունակում է իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ 2026 թվականի հունվարի 5-ից սկսած ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թղթային դիմումներ չեն ընդունվում և մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում առնչվում են տարաբնույթ խնդիրների, ուստի իրավախորհրդատվական աջակցությունը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։
Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։