ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախաշեմին Հայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը:
Հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եզակի դերը խաղաղության համաձայնագրի կնքման և խաղաղության գործընթացին նպաստելու գործում՝ ԱՄՆ վարչակազմի ակտիվ աջակցությունն անգնահատելի է նրանց վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Այս ընթացքում շարունակվել են հայերի նկատմամբ կեղծ դատական գործընթացները, որոնք վարվում են արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում: Շինծու դատավարությունների արդյունքում այսօր կայացվեցին ցմահ կամ երկարաժամետ ազատազրկման դատավճիռներ, որոնք համահունչ չեն խաղաղության օրակարգին:
Քրիստոնյա հայ գերիների վերադարձի հարցը բարձրացվել էր Վաշինգտոնում 2025թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում:
Ներկայիս ԱՄՆ վարչակազմը հետևողականորեն շեշտադրել է մարդու իրավունքների երաշխիքների կենտրոնական դերը: Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը դեռ նախընտրական շրջանում է ընդգծել հալածյալ քրիստոնյաների պաշտպանության կարևորությունը: Համոզված ենք, որ ԱՄՆ վարչակազմն իրավամբ մեծ դեր կարող է ունենալ Բաքվում պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման հարցում:
Այսօր, ԱՄՆ նախագահի առաջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր:
Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակեպություններս, համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար: Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության:
Ուստի մեր խնդրանքն ու կոչն է Ձեզ ու ԱՄՆ վարչակազմին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին: Մենք հավատացած ենք, որ դուք իսկապես կարող եք լուծել այս մարդասիրական խնդիրը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքին:
Ստորագրել են՝
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Դիգնիթի» մարդասիրական ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
«Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Սոցիալական արդարություն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
«ԱՐԲԱՆԷ» հիմնադրամ