531 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-06 08:41
Օրենքի դաշտում

Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Ռուբեն Վարդանյանի որդին Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote

Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և այդ համատեքստում Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարևորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյնաի հետ: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հրապարակումը.

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այցին ընդառաջ, բանտարկված հայ քրիստոնյայի որդին կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։

Փետրվարի 4-ին Zeale News-ին տված հարցազրույցում Դավիթ Վարդանյանը պատմել է իր հոր՝ հայտնի հայ բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին։ Վարդանյանն ասել է, որ իր հայրը ձերբակալված առնվազն 23 հայերից մեկն է, որոնց Ադրբեջանն ապօրինի բանտարկել է ռազմական հարձակումից հետո։  «Սա զանգվածային ձերբակալություն էր, որը կատարվել է ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի էթնիկ զտման արշավի ավարտին», - ասել է Վարդանյանը։

Վարդանյանն ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը  «լքված էր աշխարհի կողմից»։ «Նա որոշեց հրաժարվել իր ամբողջ կյանքից և վտանգել ամեն ինչ, - ասել է Վարդանյանը: -Նա փորձեց պաշտպանել նրանց՝ ապրել նրանց հետ ամենադժվար պահին։ Եվ նա վճարում է հալածվող փոքր բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի համար»։

Կալանավորման պայմանները

Վարդանյանը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու և ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։ Նրա խոսքով, Ադրբեջանը դատում է Ռուբեն Վարդանյանին ռազմական տրիբունալում, ինչը միջազգային նորմերի խախտում է, քանի որ նա ռազմական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ «Նա, ըստ էության, քաղաքական շոուի մասնակից է դարձել», - ասել է Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով, անկախ լրագրողներին և դիտորդներին արգելվում է մասնակցել դատավարություններին, ընտանիքի հետ շփումն էլ խիստ սահմանափակվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երկրից վտարելուց հետո։ Ընտանիքի միակ կապն այժմ կարճ, խիստ վերահսկվող հեռախոսազանգերի միջոցով է։ Ավելին, նրա հայրը պահվել է մենախցում և ենթարկվել բռնության։