360 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-06 10:39
Քաղաքական խաղադաշտ

Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը առևտուր կանեն․ խաղաղության արդյունքն է. Պապոյան

Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը առևտուր կանեն․ խաղաղության արդյունքն է. Պապոյան

Ադրբեջանական ծագման երկու արտադրանք է ներկրվել Հայաստան՝ բենզին և դիզելային վառելիք, իսկ հայկական ծագման արտադրանք, որը արտահանվել է Ադրբեջան, դեռևս չկա։ Կողմերը, սակայն, փոխանակվել են ապրանքների ցանկերով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Նրանք մեզ փոխանցել են բավականին երկար ցանկ, մենք էլ՝ իրենց։ Գործարար միջավայրը կարծում ենք, որ ժամանակի ընթացքում կարձագանքի։ Պատճառները տարբեր են․ շուկաները դեռևս միմյանց համար բավականին անծանոթ են, և դրա համար ժամանակ է պետք։ Սա այնպիսի գործընթաց է, որն ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի դաշտում։ Պետությունը ստեղծում է պայմաններ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով՝ ճանապարհների բացմամբ, երկաթուղու գործարկմամբ և այլն։ Մենք արդեն ստեղծել ենք այդ պայմանների զգալի մասը, սակայն դրանք դեռ ամբողջությամբ ձևավորված չեն»,- ասել է Պապոյանը։

Նա վստահեցրել է, որ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, և այն կարող է գործարկվել մի քանի տարի անց։

«Ես նկատի ունեմ ԹՐԻՓՓ-ի գործարկումը, մինչ այդ կարող են աշխատել նաև այլ գործիքակազմեր։ Ճանապարհների ուղիղ հաղորդակցության մասով՝ չնայած նրան, որ մենք բացել ենք մեր ճանապարհները, նրանք դեռևս չեն օգտվում դրանցից՝ ապրանքը Հայաստանի միջոցով Թուրքիա տեղափոխելու կամ հակառակը։ Սա ժամանակատար և բարդ գործընթաց է։ Երկու տարի առաջ, երբ բոլորը խոսում էին հնարավոր պատերազմի մասին, այսօր խոսում են այն մասին, որ այս կամ այն ապրանքը դեռ չի վաճառվում կամ չի վաճառվել։ Ես կարծում եմ, որ սա արդեն շատ լավ արդյունք է»,- ասել է նա։

Պապոյանը նաև ընդգծել է, որ ամենամեծ արդյունքն այն է, որ այսօր պատերազմի հավանականությունը մոտեցված է զրոյի, մինչդեռ երկու տարի առաջ այն շատ բարձր էր։

«Այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին, և այդ խաղաղության արդյունքը տեսնում եք մեր տարբեր որոշումներում։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առևտուր անել»,- ասել է Պապոյանը։