«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի\nենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները, այդ թվում՝ տնօրենը,\nհաշվապահը, պահակը մեղադրվում են պետական հաստատություններից միլիոնավոր դրամների յուրացման մեջ,\nսակայն որեւէ մեկը գեթ մեկ օր կալանավայրում չի անցկացրել։ Քրեական վարույթի շրջանակում\nառանցքային դերակատարում ունի Երևանի հ. 141 մսուր-մանկապարտեզի տնօրեն Լուսինե\nՄատինյանն, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացրելու մեջ։ Ըստ վարույթի՝ նա ձևականորեն աշխատանքի\nէ ընդունել իր դստերը և մի շարք այլ անձանց, որոնք փաստացի չեն աշխատել կամ չեն\nկատարել իրենց հաստիքային պարտականությունները, պաշտոնական փաստաթղթերում կեղծ\nգրառումներ է կատարել՝ ցույց տալով, թե նրանք ամբողջությամբ աշխատել են, ինչի\nհիման վրա հաշվարկվել և փոխանցվել են աշխատավարձեր, արձակուրդային և այլ վճարներ։ Լուսինե\nՄատինյանի անվան հետ է կապվում նաեւ «Երևանի թիվ 72 մանկապարտեզ»-ում «պայթած»\nկոռուպցիոն սկանդալը։
\n«Երևանի\nթիվ 72 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվապահ Նաիրա Հարությունյանը մանկապարտեզի բանկային\nհաշվից իր անվամբ ՀՀ տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես\nխոշոր չափերով՝ շուրջ 11 միլիոն դրամ գումար։ «Իշխանության» տեղեկություններով՝ քրեական\nգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև նույն մանկապարտեզի պահակի՝ Միքաել Զաքարյանի\nնկատմամբ։ Վերջինիս օժանդակել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի հ. 141\nմանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Մատինյանին՝ համայնքային միջոցներից\nառանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 9 միլիոն դրամ յուրացնելու և շուրջ 400 հազար\nդրամ վատնելու հարցում։
\nՆույն գործով\nմեղադրանք է առաջադրվել նաև Նարեկ Զաքարյանին, ով օժանդակել է նույն մանկապարտեզի\nտնօրենին՝ տեղեկատվություն և միջոց տրամադրելու եղանակով, խոշոր չափերով՝ շուրջ\n800 հազար դրամ յուրացնելու գործընթացում։ Նախաքննությունը շարունակվում է։
\nՀենց այսպիսի տեսք ունի ընտրովի\nարդարադատությունը՝ պետական աշխատողները տասնյակ միլիոնավոր դրամների յուրացման\nմեջ են մեղադրվում, սակայն ազատության մեջ են, մինչդեռ ՔՊ-ականներին մի թթու խոսք\nասած անձինք ամիսներով անցկացնում են կալանավայրերում։
\nԼիա Սարգսյան