Ձյան հետ միասին հալվեց նաեւ ՔՊ-ական իշխանության փռած ասֆալտը։ Մեկ տարի առաջ նորոգված ճանապարհներին «մարդաբոյ» փոսեր են առաջացել։
Երեւանի անորակ ասֆալտի պատճառով հանրային դժգոհությունն այնքան մեծ է, որ ՔՊ-ականները որոշել են ընտրություններից առաջ և՛ պատասխանատու, և՛ մեղավոր կարգել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, և լավագույն դեպքում տուն ճանապարհել։
Մայրաքաղաքի խայտառակ վիճակը դարձել է հակաքարոզչության հիմնական թեմաներից մեկը, և ընտրություններից չորս ամիս առաջ լուրջ հարված է հասցրել իշխանության վարկանիշին։ Ճանապարհ սարքելով ռեյտինգ պահելու հաշվարկը այս տարի չի աշխատելու, ինչը խառնել է իշխանության նախընտրական պլանները։
«Մեղքերից» մաքրվելու, նախընտրական շրջանում խիստ ժողովրդավար եւ արդար երեւալու համար իշխող ուժը թիմի ներսում «մաքրման» աշխատանքներ է տանելու։ Հատկապես թույլ է հենց քաղաքապետ Ավինյանի դիրքերը, նաեւ այն իմաստով, որ նա, ի տարբերություն մյուս ՔՊ-ականների, չի մասնակցել եկեղեցու դեմ արշավին, ներկա չի եղել Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին, մի թթու խոսք անգամ չի ասել Կաթողիկոսի հասցեին։
Ավինյանի այս համարձակ չեզոքությունը նյարդայնացրել է որոշ ՔՊ-ականների, ինչը բնականաբար անհետեւանք չի մնա։ Սցենարը պարզ է՝ նախ Ավինյանին վարկաբեկում են, ապա ցուցադրաբար հեռացնում՝ փորձելով փրկել կուսակցության ընդհանուր վարկանիշը։ Այսպես ընտրողներին ցույց տալ, որ խնդիրները լուծվում են, մեղավորները պատժվում են։