«Այս երկաթյա սյունը և այս թեղիները նույն բանն են, ավելին՝ այս թեղիներն ավելի վատ են. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ծառերի փոխարինման ընթացքը։
«Եթե երկաթյա սյունը որևէ հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, որդուբլոճների բարգավաճման տեղեր, որոնք տեղափոխվում են քաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա»,- ասաց նա՝ պնդելով, որ թեղիները բավական ծեր են։
Նրա խոսքով՝ թեղի տեսակի ծառերը Երևանում տնկվել են դեռևս 1940-ական թվականներին։
«Քաղաքային պայմաններում թեղիների կենսունակության տարիքը շուրջ 40-50 տարի է, իսկ Երևանում թեղիները 70-80 տարեկան են։ Մարդը, եթե 100 տարեկան է, ապրել է իր տարիքը․ մենք որքան ուզում ենք դեղ տալ, չենք կարող երիտասարդացնել կամ անմահացնել։ Բնության մեջ էլ ամեն ինչ ունի կյանքի տևողություն։ Թեղիների կյանքի տևողությունը Երևանում վաղուց ավարտված է»,- ասաց նա։
Ըստ Բեգոյանի՝ հիվանդ ծառերը սաղարթ չունեն․ «Սաղարթը չկա, այս որդուբլոճը, այս պոզերը, որ կանգնած են ծառերի վրա, ինչու պետք է սրանք զբաղեցնենք ոչինչ չանող այս ծառով»։
Ինչո՞ւ են նաև առողջ ծառեր հատվում՝ Բեգոյանն ասաց․ «Քաղաքապետարանը և քաղաքային իշխանությունը Երևանում իրականացրել են բազմաթիվ ռեֆորմներ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Երևանում հիմնվել է 7 ուրբան անտառ, մինչ այդ՝ ոչինչ չի հիմնվել։ Վերջին 3 տարում տնկվել է 25 հազարից ավելի արժեքավոր ծառատեսակ, որոնք բոլորը կպել են։ Քաղաքապետարանը չի խնայում և ոչ թե բարակ շիվեր է տնկում, այլ հասուն ծառեր, որոնք բավականին թանկ են։ Քանի որ Երևանը ժամանակ չունի այս շիվը տնկելու և 10 տարի սպասելու»։