Փարիզում մեկնարկած սփյուռքի զորաշարժի համաժողովը վերածվում է ոչ միայն համահայկական քննարկման, այլև քաղաքական ու հոգևոր համախմբման հարթակի։ Ավելի քան 25 երկրներից ժամանած շուրջ 150 ներկայացուցիչներ օրակարգ են բերել այն հարցը, որն այսօր հուզում է հայկական համայնքներին ամբողջ աշխարհում՝ ինչպես պաշտպանել ազգային ինստիտուտները մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի ներսում խորանում են ներքին բաժանարար գծերը, իսկ հարվածի տակ են հայտնվում նաև եկեղեցական կառույցները։
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է արտաքին և ներքին ամենալուրջ մարտահրավերների մասին՝ ընդգծելով, որ ազգային կյանքում ձևավորված պառակտվածությունն ու ատելության մթնոլորտը խոր անհանգստություն են առաջացնում։ Նրա խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խաթարված վիճակում են, իսկ ազգային կառույցները դառնում են նպատակային հարձակումների թիրախ։ Այս շեշտադրումները շատերի կողմից ընկալվել են ոչ թե որպես սովորական հոգևոր ուղերձ, այլ որպես քաղաքական զարգացումների նկատմամբ հստակ գնահատական։
Այդ ֆոնին առանձնապես սուր է ընկալվում նաև պաշտոնական Երևանի վերջին քայլերի տրամաբանությունը։ Մարտի վերջին Հայաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություն, որով Հայ Առաքելական եկեղեցին զրկվեց պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողատարածքները անհատույց սեփականությամբ ստանալու իրավունքից։ Թեև մի շարք հրապարակումներում նշվում է, որ նոր կանոնները հետադարձ ուժ չունեն, փորձագիտական դաշտում արդեն հնչում են մտահոգություններ, որ այս փոփոխությունները կարող են դառնալ եկեղեցու նկատմամբ ավելի լայն ճնշման քաղաքականության նախադեպ։
Լարվածությունն ավելի մեծացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նախկին կադաստրի ղեկավար Մանուկ Վարդանյանը ներգրավվել է քրեական գործի մեջ, որը վերաբերում է եկեղեցուն գույքի փոխանցման դրվագներին։ Ըստ հրապարակումների՝ խոսքը պատմամշակութային արժեք ունեցող մի շարք եկեղեցական օբյեկտների փոխանցման մասին է։ Այս ամենը միասին Փարիզի համաժողովին նոր ենթատեքստ է տվել՝ սփյուռքը փաստացի հայտարարում է, որ եկեղեցու շուրջ համախմբումը իր համար միայն հոգևոր հարց չէ, այլ ազգային ինքնապաշտպանության ձև։