2022 թվականին Պրահայում կայացած հանդիպումը հայաստանյան քաղաքականության մեջ մնաց որպես Արցախի փաստացի հանձնման օր։ Վեհաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Այսօր Երևանում անցկացվող վեհաժողովը, ըստ վերլուծաբանների, կրկնում է այդ տրամաբանությունը, սակայն՝ ավելի մեծ գնով․ խոսքն այլևս Արցախի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակման։
Ի՞նչ է թաքնված փակ դռների հետևում
Երևանում անցկացվող վեհաժողովը, ըստ քաղաքական դիտորդների, կրկնում է Պրահայի սցենարը։ Կրկին նույն արևմտյան միջնորդները, կրկին՝ փակ համաձայնություններ, կրկին՝ հրապարակային հայտարարություններ, որոնցում բացակայում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն առնչվող կարևորագույն ձևակերպումները։
Տարբերությունն այն է, որ Պրահայում խոսքը վերաբերում էր Արցախին, որը միջազգային իրավունքի տեսանկյունից մինչ այդ էլ համարվում էր «վիճարկելի տարածք»։ Երևանի վեհաժողովում, սակայն, կասկածի տակ է դրվում հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Խոսքը գնում է սահմանների ուրվագծման, տարանցիկ ուղիների վերահսկողության և արտաքին ուժերի ներկայության մասին։
«Պրահա-2» եզրույթը պատահական չէ․ այն ցույց է տալիս, որ իշխանությունները շարունակում են նույն քաղաքական գիծը՝ զիջումների դիմաց ստանալով ժամանակավոր հանգստություն։ Հարցն այն է, թե որքան ժամանակ է մնացել մինչև հաջորդ «Պրահան»։