«Իշխանություն» լրատվականը վաղ առավոտից բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արագածոտնի մարզում կազմակերպվող հանրահավաքին կիրառվում է վարչական ռեսուրս։
Ըստ ստացված տեղեկությունների՝ մարզի տարբեր բնակավայրերի պետական հաստատությունների աշխատակիցներին պարտադրում են ներկա գտնվել հավաքին:
Ավելին, «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գործընթացը վերահսկվում է հատուկ անվանացանկերի միջոցով։ Պետական հիմնարկների աշխատակիցները ոչ միայն պարտավոր են ներկայանալ հավաքին, այլև պետք է ստորագրեն համապատասխան ցուցակներում՝ որպես ներկայության ապացույց:
Նշենք՝ ըստ պաշտոնական օրակարգի, Նիկոլ Փաշինյանի այցը Աշտարակ նախատեսված է այսօր՝ մայիսի 13-ին։ Հանրահավաքը կայանալու է քաղաքի կենտրոնական հրապարակում՝ ժամը 17:00-ին։
Մերի Մնոյան