Խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում՝ մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 71 առերևույթ ընտրախախտման դեպք։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Արձանագրված ընտրախախտումներից 16-ը վերաբերում են վարչական ռեսուրսի չարաշահմանը և պաշտոնական դիրքի օգտագործմանը, որոնք մեծամասամբ կատարվել են իշխող ուժի կողմից։ Բացի այդ, արձանագրվել է ատելության խոսքի և քաղաքական անհանդուրժողականության 12 դեպք, իսկ 7 դեպքով արձանագրվել է անչափահասների ու երեխաների ներգրավում նախընտրական քարոզարշավին։
Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ արձանագրված փաստերի հիման վրա իրավաբանական խումբը երկու դիմում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից թույլ տրված առերևույթ խախտումների հետ։ Առաջին դիմումը վերաբերել է Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնական կայքերով քարոզչություն իրականացնելուն, իսկ երկրորդը՝ առանց սեփականատերերի համաձայնության մասնավոր տարածքներում քարոզչական նյութեր փակցնելուն։
Նշենք, որ ԿԸՀ-ն այս մասով վարչական վարույթ չի նախաձեռնել և մերժել է դիմումները։