1197 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-26 20:24
Քաղաքական խաղադաշտ

Ինչ հիմարություններ ասես դուրս է տալիս, քանի որ չի ուզում խոսել իր տված խոստումներից. Քոչարյան

Մեր Աղվան Վարդանյանն առաջարկեց երդվել, բայց ես մեկ այլ օբյեկտ էլ եմ առաջարկում՝ Աննա Գրիգորյանի անունով էլ կարող եք երդվել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ կատակով իր խոսքն այսպես սկսեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում պարզաբանեց ընտրությունների հիմնարար իմաստը՝ այն որակելով որպես 5 տարի ժամկետով կնքվող պայմանագիր ժողովրդի և քաղաքական թիմի միջև, որտեղ իշխանությունը ստանձնող ուժը պարտավոր է հաշվետու լինել իր խոստումների համար։ Նրա պնդմամբ՝ գործող իշխանությունը բացառիկ դեպք է աշխարհում, քանի որ ընտրությունների գնալիս ընդհանրապես չի խոսում իր տված խոստումներից, այլ դրա փոխարեն «հիմարություններ է դուրս տալիս»՝ սեփական ձախողումները թաքցնելու համար։

Երկրորդ նախագահը խիստ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։

«Ուղղակի հիշեցնեմ՝ 2021 թվականի սեպտեմբերին Սարդարապատի համալիրում ինքն անձամբ հայտարարում էր, թե հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, և Տավուշի սահմանային մի միջադեպի համար 70 հոգու Մարտական խաչ էր տալիս, մեկ հոգու էլ՝ Ազգային հերոսի կոչում։ Բա դու երես ունե՞ս։ Սա իսկական այն ժամանակն է, որ պետք է սյունյաց ողջույնը հիշենք»,- ասաց նա։

Քոչարյանի ձևակերպմամբ՝ իշխանությունը նախ ավիրել է մարտունակ և սահմաններն անսասան պահող բանակը, հրահրել պատերազմ, բերել 5000 զոհ ու 12000 վիրավոր, իսկ հիմա այն ավերակ է անվանում, ինչը վկայում է խղճի, խելքի և հիշողության բացակայության մասին։

Նա շեշտեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է երկու ձեռակերտ արհավիրք՝ 44-օրյա պատերազմն ու Արցախի հանձնումը, որոնց հեղինակը գործող ղեկավարն է։ 

«2018-ից մինչև 2020 թվականը նա արեց ամեն ինչ բանակցային գործընթացը խաթարելու համար՝ հայտարարելով, թե սկսում է իր զրոյական կետից։ Նա զրոյացրեց միջնորդների 25-26 տարվա աշխատանքը, շանս տվեց Ալիևին պատերազմ պլանավորելու, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ և երկիրը ներսից բաժանեց սևերի ու սպիտակների։ Իսկ այսօր ասում է՝ բանակը սկսել եմ ստեղծել զրոյից։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Զրոյական կետից սկսեց բանակցությունները՝ բերեց պատերազմ, հիմա էլ ասում է՝ զրոյից բանակ եմ կառուցում։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու»,- ասաց նա։

Դաշինքի առաջնորդը հավելեց, որ գործող ղեկավարի տեսակն այնպիսին է, որ չի կարողանում հանդուրժել համերաշխությունն ու լավ հարաբերությունները և միշտ լարվածություն է սերմանում։ Ըստ նրա՝ միակ լուծումը նրան իշխանությունից հեռացնելն է։

«Ղարաբաղի բարբառով ասեմ՝ խզակոթից բռնել և դուրս շպրտել։ Իսկ դրա քաղաքավարի, քաղաքական ձևը ընտրատեղամաս գալն ու համար 17-ին ձայն տալն է»,- նշեց նա։