Եթե Հիսուսի արձանը կառուցենք, շատ մարդ կգա Հայաստան, շատ գումար կմտնի երկիր, ժողովրդի դեմքին ժպիտ կլինի, մարդիկ փող կաշխատեն։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սպիտակում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Որպես փոքր ու միջին բիզնեսի միջոցով ֆինանսապես կայացած գործարար՝ Ծառուկյանն առաջարկեց հարկային լայն արտոնություններ սահմանել նոր ձևավորվող ձեռնարկությունների համար։
«Մինչև 60 միլիոն դրամ շրջանառության դեպքում որևիցե մեկն իրավունք չպիտի ունենա մոտ գնալ՝ ո՛չ հարկայինը, ո՛չ մի օրգան։ Մարդն իր ընտանիքով տուն է պահում։ Երբ շրջանառությունը կհասնի 160-180 միլիոնի, այդ դեպքում թող ընդամենը 1 տոկոս հարկ տա։ Բայց ոչ թե հարկայինը մտնի, թուղթը վերցնի, թե՝ այս ինչի՞ է այսպես, ՀԴՄ-ն ինչո՞ւ չես խփել։ Ախպե՛ր, շփոթվել է, չի խփել, բայց ինքն իր 180 միլիոնի 1 տոկոսը մեծ հաճույքով կվճարի։ Պետք է մտածել մարդուն հզորացնելու մասին։ Նույնը «Առինջ Մոլ»-ում եմ արել։ Փոքր ու միջին բիզնեսի մարդկանց առաջին տարին անվճար տարածք տվեցի, որ գնան կայանան։ Հետո ասեցի՝ երկու տարի էլ, երեք տարի էլ մի՛ վճարեք, մենակ թե հզորանաք»,- ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին, ձերբակալություններին և կալանավայրերի խնդրին՝ առաջարկելով համաներման իր տարբերակը։
«Այսօր կալանավայրերում տեղ ու դադար չկա։ Ով խոսեց, ով հակառակ մի բան ասեց՝ ձերբակալում են, պահում կամ տնային կալանքի տանում։ Ժամանակն է այդ մարդկանց շանս տալ կյանքում։ Մարդ մի անգամ է ծնվում, մի անգամ մահանում։ Շանս պիտի տաս, որ մարդը երախտապարտ լինի, հասկանա, որ սխալմունք էր, գնա իր ընտանիքի, ծնողի, կնոջ կողքը ու իր կյանքն ավելի ակուրատնի դասավորի։ Մեր ծրագրում կա, որ առաջին հերթին մինչև 10 տարվա պատժաչափերի համար ներում ու համաներում շնորհվի։ Երկրորդ անգամ կանեն՝ մեղքն իրենց վիզը, թող գնան նստեն, բայց մեկ անգամ հնարավորություն տալ է պետք»,- ասաց Ծառուկյանը։
Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքը պաշտոնի չի ձգտում, սակայն պատասխանատու է իր յուրաքանչյուր խոստման համար։