Մարդկանց դրդում կամ ստիպում են աշխատանքից հեռանալ, կամ սադրում են, թե աշխատանքից կհեռացնեն։ Սա մեզ համար անընդունելի և քննադատելի մթնոլորտ է, հատկապես երբ ընտրություններին մի քանի օր է մնացել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երիդասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:
Պատասխանելով «Իշխանություն» լրատվականի հարցին, թե արդյո՞ք արձանագրվել են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից աշխատանքից ազատելու սպառնալիքի դեպքեր, Ավետիսյանը հաստատեց, որ նման երևույթներ առկա են պետական գերատեսչություններում։
«Պետական գերատեսչություններից ունենք դեպք, որ սովորական ֆեյսբուքյան հավանման like-ի համար աշխատակիցն արժանացել է խիստ վերաբերմունքի։ Ունենք նաև դպրոցի ուսուցչուհու դեպք, ում զավակը պատմել է, որ մայրը մտել է ինչ-որ մեկի նախընտրական շտաբ, որի կողքին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբը։ Այնտեղից դուրս են եկել ու սպառնացել՝ կտեսնես, թե հետո քեզ հետ ինչ կլինի»,- մանրամասնեց Ավետիսյանը։
Նրա ձևակերպմամբ՝ նման երևույթները շատ-շատ են, և իրենց գործընթացի նպատակն է բարձրաձայնել այս խնդիրները, որպեսզի բացառվեն ճնշումները և մարդկանց համար ստեղծվի հավասար ընտրական հնարավորություն։
Աստղիկ Ավետիսյանը հայտնեց նաև, որ նախօրեին ահազանգեր են ստացել գիտական աշխատանքով զբաղվող սփյուռքահայերից, որոնք ամեն տարի այս ժամանակահատվածում լինում են Հայաստանում։ Ըստ նրա՝ գիտությամբ զբաղվող արական սեռի ներկայացուցիչներին սկսել են զինվորական ծառայության ծանուցման թերթիկներ բաժանել, ինչը գործընթացի վրա ազդող լուրջ խնդիր է։
«Մեզ տեղեկացրել են, որ օդանավակայանում քաղաքացիներին տվել են ծանուցագրեր, բայց հետո հեռացել են։ Հավանաբար դա եղել է հանրային ու քաղաքական ճնշման արդյունքում, որովհետև քաղաքական ուժերը սկսեցին դրա մասին խոսել։ Փաստը մենք անձամբ չենք տեսել, բայց արձանագրել ենք, որովհետև մարդիկ զանգել են ու տեղեկացրել։ Սա մի տեսակ վախի մթնոլորտ ձևավորելու քայլ է»,- ասաց նա։
Ավետիսյանը շեշտեց, որ նմանատիպ խնդիրներն առաջացնում են հենց վարչական ռեսուրս ունեցող մարդիկ, ինչն այս իրավիճակում խնդրահարույց է։