Մեր եռագույնը պատասխանատվության, մեր ժողովրդի ինքնության դարավոր պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունենք այս դրոշին և մեր պետականությանը տեր կանգնելու առաքելություն, ինչ էլ անելու ենք միասին։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ամփոփելով իրենց կատարած աշխատանքը։
Սաղաթելյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենց թիմով հանդիպումներ են ունեցել շուրջ 70 համայնքներում, եղել են Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքներում։ Ըստ նրա՝ իրենց առջև դրված հիմնական խնդիրն է եղել հանրությանը փաստերով բացատրել, որ գործող իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, և նրանց պետք է հեռացնել, այլ ոչ թե երկիրը նոր փորձանքների տանելու հնարավորություն տալ։
Նա ընդգծեց, որ իրենք քանդելու փոխարեն առաջարկում են կառուցել, զիջելու փոխարեն՝ պաշտպանել, կորցնելու փոխարեն՝ վերադարձնել, նվաստանալու փոխարեն՝ վերականգնել արժանապատվությունն ու ազգային արժեքները։
«Մենք մեր ժողովրդին կախարդական փայտիկ չենք խոստանում, բայց ասում ենք՝ մենք գիտենք բոլոր խնդիրների լուծման բանալին և լուծելու ենք։ Մենք ասում ենք, որ միասին կարող ենք ստեղծել անվտանգ և մրցունակ պետություն»,- նշեց Սաղաթելյանը։
Նա նաև շեշտեց, որ հայ ժողովուրդը թույլ ու անկարող չէ. տեսել է ցեղասպանություն, բայց կերտել է Առաջին հանրապետություն, տեսել է երկրաշարժ, բայց ազատագրել է Արցախը։
Սաղաթելյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ Հայաստանում ադրբեջանական տարածքներ չկան, Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, թշնամու պահանջով սահմանադրություն չի փոխվելու և Հայաստանում ադրբեջանցիներ չեն բնակեցվելու։ Նա հավելեց, որ տեր են կանգնելու երկրի ինքնիշխանությանը, բանակին, զինվորին, գերիներին և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությանը, թե վարչական ռեսուրս օգտագործողներն ու մարդկանց կամքի վրա բռնացողներն իր անձնական թշնամիներն են՝ Իշխան Սաղաթելյանն ուղիղ դիմեց նրան։
«Նիկոլ, դու երեկ թշնամի հայտարարեցիր քո ողջ քաղաքական թիմին՝ բոլոր նախարարներին, մարզպետներին, ՔՊ-ական քաղաքապետերին, հիմնարկների ղեկավարներին, ովքեր այս օրերին բռնանում են մեր ժողովրդի կամքի վրա»,- ասաց նա։
Ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը խոսքն ուղղեց ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ հիշեցնելով, որ նրանք երդում են տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե գործող իշխանությանը։
«Դադարեցրեք այս ապօրինությունները։ Նիկոլ Փաշինյանն իր հանցագործությունների համար միևնույն է ցմահ դատվելու է։ Դուք մաս մի՛ կազմեք այդ հանցագործությանը և մնացեք օրենքի շրջանակներում, որովհետև Նիկոլից հետո կյանք կա, և իրական կյանքը սկսվելու է հունիսի 7-ից՝ նրան վռնդելուց հետո»,- եզրափակեց Սաղաթելյանը։