Ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում արձանագրվել են համատարած խախտումներ՝ սկսած ընտրողների ուղղորդումից ու վախեցնելուց, մինչև ցուցակների արհեստական խառնաշփոթ և կոնկրետ քաղաքական ուժերի քվեաթերթիկների անհետացում։ Գործող իշխանությունը հատուկ մեխանիզմներ է բանեցրել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իրենց ստեղծած թեժ գծին հազարավոր ահազանգեր են ստացվել, և թիմն այժմ աշխատում է արտակարգ ռեժիմով՝ այդ ահռելի տեղեկատվությունը մշակելու և ապացույցները հրապարակելու համար։
Մելոյանի փոխանցմամբ՝ պետական ծառայության տարբեր ոլորտների աշխատակիցներին ստիպել են քվեարկել իշխանության օգտին և որպես ապացույց՝ լուսանկարել քվեաթերթիկը։ Ավելին, ահազանգեր կան, որ որոշ տեղամասեր ընտրողները մուտք են գործել արդեն իսկ քվեաթերթիկներով։
Գոհար Մելոյանը քննադատեց ՆԳՆ-ի և անձնագրային բաժանմունքների աշխատանքը։ Ըստ նրա՝ անձնագրային ծառայությունները հրաժարվել են քաղաքացիներին տրամադրել ընտրությանը մասնակցելու համար օրենքով նախատեսված հատուկ ձևերը (տեղեկանքները)։
«Մայիսի 26-ից հետո հաշվառման դիմումների նոր գործընթացի պատճառով ընտրողների ցուցակներում էական խառնաշփոթ է առաջացել։ Նախօրեին իրենց տվյալները ստուգած և գտած քաղաքացիները ընտրության օրը պարզել են, որ ընդգրկված չեն ցուցակներում, իսկ անձնագրային բաժինները հրաժարվել են աջակցել նրանց։ Արհեստականորեն փոխվել են նաև ընտրատեղամասերի հասցեները՝ առանց բնակիչներին պատշաճ ծանուցելու»,- ասաց նա։
Մելոյանի պնդմամբ՝ իշխանությունը դիտավորյալ հենց ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, Երևանի կենտրոնում (Թումանյան-Սարյան խաչմերուկներում) թույլ է տվել կազմակերպել գինու փառատոն, ինչի հետևանքով փակված փողոցները խցանումներ են առաջացրել շրջակա առնվազն 10 տեղամասերի համար։
Ամենամտահոգիչ իրավիճակը, ըստ Մելոյանի, եղել է մարզային ու գյուղական համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձինք հենց վարչական ղեկավարներն ու համայնքապետարանի աշխատակիցներն էին։
«Տեսանյութեր կան, թե ինչպես է գյուղապետը քաշքշում, բղավում և ուղղորդում ընտրողին։ Բացի այդ, տեղամասերում արձանագրվել են 3-րդ համարի քվեաթերթիկների դեֆիցիտ կամ դրանց միտումնավոր վնասում»,- ասաց նա:
Մելոյանը նաև հավելեց, որ ՔՊ-ի թեկնածուները, օրենքի խախտմամբ, անձամբ մտել են տեղամասեր և իրենց ներկայությամբ ու հեղինակությամբ հոգեբանական ճնշում գործադրել հանձնաժողովների և ընտրողների վրա։