Ալիևն ասում է՝ ընտրեք Նիկոլին, որ մեզ համար լավ լինի, ու մարդիկ գնում ընտրում են: Իմ այն ընկերները, ովքեր ընտրել են Ալիևի ասածով, խնդրել եմ՝ էլ ինձ չզանգեն, չբարևեն։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, այս մասին հայտարարեց երաժիշտ, երգահան Դավիթ Ամալյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները։
Արվեստագետը չթաքցնելով իր հիասթափությունն ու զայրույթը դիմեց գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիներին, ասելով՝ թող մնան ու իրենց թուրքերին վայելեն։
Դավիթ Ամալյանի խոսքով՝ եթե այս ընտրության արդյունքները կեղծված չեն, ապա դա իր համար ավելի ծանր երևույթ է, քան, եթե կեղծված լինեին։
«Աստված չանի, եթե նոր աղետ ու գաղթ լինի, եթե հանկարծ այդ ճանապարհին հանդիպենք, ՔՊ ընտրող մեր քաղաքացիներին ես կասեմ՝ մնացեք ձեր թուրքերի մոտ, դուք եք նրանց բերել, մնացեք ու թուրքերին վայելեք: Ժամանակին արցախցիներին ասում էին՝ մնայիք, պայքարեիք, դե հիմա մնացեք ձեր թուրքերի հետ ու պայքարեք, դուք պայքարելու ձևը չգիտեք»,- ասաց նա:
Ամալյանի խոսքով՝ պետք է պայքարի ելքեր փնտրել ու գտնել, որպեսզի ապագայում էլ երկիր ունենանք։ Նա հույս հայտնեց, որ ընդդիմության առաջնորդները մի բան կմտածեն երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
«Թուրքին ընտրող ժեխին երկիր վստահել չի կարելի։ Եթե համաձայն ենք ՔՊ-ին ընտրողների խաթր երկիրը կորցնել՝ եկեք կորցնենք, եթե համաձայն չենք՝ պետք է պայքարի ելքեր փնտրել»,- ասաց նա։
Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ երգահանն անհավատալի է համարում հրապարակված որոշ թվեր: Մասնավորապես, նրան զարմացրել է Տաշիրում գործող իշխանության ստացած քվեները։
«Քիչ առաջ իմացա, որ Տաշիրում Նիկոլը մեծամասնություն է հավաքել: Ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև ինքս Տաշիրում մենահամերգ եմ ունեցել, տեսել եմ մարդկանց մտածողությունը: Սա մի քիչ շատ սարքած բան է»,- ասաց նա:
Իսկ նրանց, ովքեր իրենց ընտրությունը հիմնավորում են իշխանության կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներով, Ամալյանը հեգնանքով հորդորեց․ «Ասում են՝ ասֆալտ են արել։ Ալիևն ասում է՝ գնա Նիկոլին ընտրի, դու գնում ընտրում ես ու ասում՝ Փաշինյանի իշխանությունը ասֆալտ է արել: Դե ուրեմն վայելի՛ր Ալիևի արած ասֆալտը, մի քիչ կամաց կքշես, որ վթարի չենթարկվես այդ ասֆալտին»:
«Իշխանություն» լրատվականի հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, արվեստագետը նշեց, որ ինքը քաղաքագետ չէ և չի կարող մանդատներ վերցնել-չվերցնելու հետ կապված իրավական նրբություններ հուշել, բայց մի բանում վստահ է՝ երկրի փրկության համար պետք է մինչև վերջ հավատալ ու ելքեր փնտրել: