Եթե մարդը տեսախցիկից փախչում է, ուրեմն ընտրությունն ազատ չի։ Եթե մարդուն սոցիալական ցանցում «լայք» դնելու համար ազատում են աշխատանքից, ուրեմն ազատ չի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադառնալով ընտրական խախտումներին և քաղաքական հնարավոր զարգացումներին։
Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ վերջին ինը տարիների ընթացքում առաջին անգամ հարվածի տակ են դրվել ընտրությունների հիմնարար չափանիշները։ Ըստ նրա՝ ի տարբերություն 2018 և 2021 թվականների ընտրությունների, այս անգամ գրանցվել են լրջագույն խնդիրներ։
Մարուքյանը նշում է, որ նախընտրական շրջանում ակտիվորեն կիրառվել է վարչական ռեսուրսի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) լծակները։ Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ ԱԱԾ-ն հետևել է իրենց քարոզարշավին գյուղերում և զանգահարել համայնքապետերին՝ հաշվետվություն պահանջելով, թե ինչու են թույլ տվել այդ հանդիպումները։
Կուսակցության նախագահը շեշտում է, որ ձայների հաշվարկի գործընթացը մինչ օրս մնում է անհասկանալի և մշուշոտ։ Կորած և ապա մասնակիորեն «վերականգնված» ձայների պատմությունը, ինչպես նաև հանձնաժողովների կայացրած որոշումները զուրկ են եղել թափանցիկությունից, ինչի պատճառով դեռևս հստակ չէ, թե քանի ուժ է անցնում խորհրդարան։
«Ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջարկել է երկու տարբերակ՝ կա՛մ նշանակել նոր ընտրություններ, կա՛մ գնալ ընտրությունների երկրորդ փուլ՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ Կարապետյանի տրամաբանությունն այն է, որ երկրորդ փուլում ընդդիմության ձայները կմիավորվեն Նիկոլ Փաշինյանի դեմ»,- ասում է նա։
Էդմոն Մարուքյանն ընդդիմությանն առաջարկում է մանդատները չվերցնել և խորհրդարան չգնալ։
«Եթե ընդդիմությունը չօգտագործի այս լծակը, Սահմանադրական դատարանն ու ԿԸՀ-ն կհաստատեն ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմադիր ուժերը կգնան խորհրդարան՝ աշխատելու մի համակարգում, որի լեգիտիմությունն իրենք իսկ չեն ճանաչում։ Դրանով նրանք միջազգային հանրությանը ազդակ կհաղորդեն, թե ամեն ինչ նորմալ է, և իրավիճակը կհանդարտվի։ Իսկ եթե դրվի մանդատներից հրաժարվելու կոշտ նախապայման, դա կարող է հանրությանը նորից դուրս բերել փողոց»,- եզրափակել է Մարուքյանը։