2433 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 14:47
Քաղաքական խաղադաշտ Աշխարհով մեկ

ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ հակառուսական քայլերի հարցում․ Կարտհայզեր

ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ հակառուսական քայլերի հարցում․ Կարտհայզեր

Եվրամիությունն ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի այն Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանի և միանա պատժամիջոցներին։ Այս մասին «Известия»-ին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

«Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի այն, ի վերջո, ընդունի նման միջոցներ (վիզային ռեժիմ ներդնի և միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին․ խմբ․)։ Հույս ունեմ, որ Հայաստանը կդիմանա այդ ճնշմանը և առաջին հերթին կառաջնորդվի սեփական շահերով։ Հայաստանը պետք է Արևմուտքի հետ իր համագործակցությունը դիտարկի որպես երկարաժամկետ նախագիծ, միևնույն ժամանակ չպետք է ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է ավելի ապակայունացնել կամ թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում»,- ասել է քաղաքական գործիչը, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում։

Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծում է, որ Երևանը պարտավոր չէ կատարել ԵՄ-ի պահանջները։ Սակայն, նրա խոսքով, ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի հետ Հայաստանի երկարամյա հարաբերություններին, այդ թվում՝ անվտանգության ոլորտում՝ իր դիրքորոշումները մերձեցնելով ԵՄ քաղաքականությանը։

«Հայաստանը պարտավորություն է ստանձնել աշխատել ԵՄ հայտարարություններին, որոշումներին և գործողություններին համապատասխանության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը բազմակողմ հարթակներում»։

Կարտհայզերի կարծիքով՝ եթե նման ընթացքն իրականություն դառնար, դա կնշանակեր Հայաստանի վերածում բացահայտ հակառուսական պետության, ինչը նա անխոհեմ է համարում՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական ու քաղաքական դիրքը, ինչպես նաև անվտանգության և տնտեսական ոլորտներում ավելի լայն շահերը։

Եվրոպատգամավորը նշում է, որ ԵՄ-ն իրականում չունի ճգնաժամի դեպքում որևէ նշանակալի աջակցություն տրամադրելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը Հայաստանն օգտագործում է սեփական քաղաքական նպատակների՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, սակայն չի կարող Երևանին պաշտպանել նման քաղաքականության հնարավոր բացասական հետևանքներից։