2026 թվականի բյուջեում կենսաթոշակների բարձրացումն ու համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումը նախատեսված չէին. իշխանությունը գնում է նոր հարկերի փնտրտուքի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։
Նա անդրադարձավ ընտրություններից անմիջապես հետո կառավարության նիստում ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման քննարկմանը՝ այն որակելով որպես նախընտրական «նվիրատվությունների» կոմպենսացիա։
Սարգսյանի պարզաբանմամբ՝ ընտրություններից առաջ իշխանությունների կողմից իրականացված խոշորագույն ֆինանսական փոփոխությունները՝ թոշակների բարձրացումն ու առողջապահական ապահովագրության ներդրման խոստումները, բյուջետային հիմնավորում չունեին։
«Եթե բյուջեում նախատեսված չի, բնականաբար դրան համապատասխան եկամուտների ակնկալիքները չկան, և պետք է նոր եկամուտների փնտրտուքի գնալ։ Նման պարագայում սովորաբար ադեկվատ կառավարությունները նոր հարկեր հավաքագրում են ապրանքների, արտադրանքի և ծառայությունների ծավալների ավելացման հաշվին։ Հայաստանի փաստացի իշխանության պարագայում դա գոյություն չունի»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությանը մնում է ընդամենը երկու քայլ՝ կամ հարկային դրույքաչափի բարձրացում, կամ հարկային բազայի ընդլայնում։
«Ընտրություններին անմիջապես հաջորդած առաջին կառավարության նիստին մենք ականատես եղանք հարկադրույքների բարձրացման։ Վստահեցնում եմ ու հայտարարում եմ, որ առաջիկայում մենք ևս այլ հարկատեսակների, հարկադրույքների բարձրացում և հարկման բազայի ընդլայնում ենք տեսնելու»,- ասաց նա։
Անդրադառնալով իր մասնակցությանը ԿԸՀ դիմաց իրականացվող ակցիային՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ եկել է տեղեկանալու և իր աջակցությունը հայտնելու գործընկերներին։ Նրա ձևակերպմամբ՝ այս պահին երկրում իրավական և փողոցային պայքարի ձևերը միաձուլվել են, սակայն սխալվելու ռիսկերը մեղմելու համար պետք է գործել ըստ հերթականության։
«Ակնկալիքները, բնականաբար, ժողովրդական ճնշումն են, և այդ ճնշման ներքո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող այսպիսի ակնհայտ ապօրինություններ ընդունել։ Ես անկեղծ սպասում և ակնկալիք ունեմ, որ պետք է ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնվեն»,- նշեց նա։
Սարգսյանը շեշտեց, որ միջազգային դիտորդական առաքելությունները ևս, թեկուզ բարեկիրթ ձևակերպումներով, արձագանքել են իշխանությունների նախընտրական «առատաձեռնությանը»՝ նշելով, որ դա անթույլատրելի է։ Ըստ նրա՝ ԿԸՀ-ն իրավական առումով այլ տարբերակ չունի, քան վերաքվեարկության գնալը։
Հարցին, թե ի՞նչ քայլերի կդիմի հավաքական ընդդիմությունը, եթե ընտրությունները չչեղարկվեն, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չանցնի խորհրդարան, Նաիրի Սարգսյանը պատասխանեց, որ դա կդառնա հանրային մեծ պոռթկման պատճառ։