1488 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-14 18:43
Քաղաքական խաղադաշտ

Ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառմամբ․ Մամիկոն Ասլանյան


Այսօր պայքարը ոչ թե գաղափարական միասնականության, այլ Հայաստանի Հանրապետության 600 000-ից ավելի քաղաքացիների ձայնի պաշտպանության մասին է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը։

Ասլանյանը շեշտեց, որ ընդդիմադիր ֆրոնտում կարող են լինել տարբեր գաղափարների տեր մարդիկ, սակայն երկրում ընտրական գործընթացը պետք է ընկալվի որպես լեգիտիմ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը ծառայի իր նպատակին, այլ ոչ թե վերածվի սոսկ մաթեմատիկական մանիպուլյացիաների։

Որպես իրավաբան՝ անդրադառնալով ԿԸՀ-ի իրավական հնարավորություններին, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ հանձնաժողովն ունի օրենքից բխող բոլոր լիազորությունները՝ ներկայացված բողոքները բավարարելու և համապատասխան որոշում կայացնելու համար։ Սակայն, ըստ նրա, այս փուլում նկատվում է պատասխանատվությունից խուսափելու միտում։

«Ես որքան հասկացա՝ դատարանը և նույնիսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ողջ պատասխանատվությունն այս ամենի դրել են ԿԸՀ-ի վրա։ Հիմա նայած, թե ԿԸՀ-ն որ ուղղությամբ կգնա»,- ասաց նա։

Հարցին, թե առանց վարչական ռեսուրսի, ընտրախախտումների ու ձայների գողության քանի՞ տոկոս ռեալ ձայն կհավաքեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ասլանյանը դժվարացավ կոնկրետ թիվ նշել, սակայն մանրամասնեց այն պայմանները, որոնցում անցել է քվեարկությունը։

«Ռեալ տոկոսը կիմանայինք այն ժամանակ, երբ ընտրությունները նորմալ լինեին։ Բայց այն, որ ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառման, ընդդիմության ակտիվիստների ու շտաբների նկատմամբ տարբեր բնույթի հարձակումների, քրեաիրավական հետապնդումների ու մեդիաարշավների պայմաններում, փաստ է»,- նշեց նա։

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ թե՛ կազմակերպման նախնական փուլում, թե՛ բուն քարոզարշավի ընթացքում իշխանությունն ամեն ինչ արել է ընդդիմության աշխատանքները կազմալուծելու համար։

«Այս ամենը գալիս է ենթադրելու, որ ընտրությունները տեղի են ունեցել ոչ մրցակցային և ոչ ժողովրդավարական պայմաններում։ Հետևաբար, դրանից բխող թվերը բնավ չեն արտահայտում այն հոգեբանական, սոցիալական և ընտրական իրական վիճակը, որ հիմա տիրում է Հայաստանի Հանրապետությունում»,- եզրափակեց Ասլանյանը։