«Իշխանություն» լրատվականը իրավապահ մարմիններից, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանից, փորձեց հասկանալ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի իրավական կարգավիճակը՝ մասնավորապես այն համատեքստում, թե արդյո՞ք առկա է սահմանափակում, որը հնարավորություն կտար իրավապահներին արգելել նրա ելքը Հայաստանից։
«Իշխանություն» լրատվականին և՛ Հակակոռուպցիոն կոմիտեից, և՛ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ երկիրը լքելու որևէ արգելք սահմանված չէ։
«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակը ևս նշեց, որ «Մարտի 1»-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ։
Հիշեցնենք, որ երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել երկիրը, երբ վերջինս փորձում էր անձնական գործերով մեկնել Հայաստանից։ Նշենք, որ ուղևորության մասին երկրորդ նախագահը նախապես հայտարարել էր իր պաշտոնական էջում։
Դեպքից անմիջապես հետո համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը մոտենում Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին և տրամադրում անձնագիրը։ Տեսախցիկի դիրքից կարելի է ենթադրել, որ տեսանյութը տարածվել է հենց ԱԱԾ-ի կողմից կամ վերջինիս անմիջական աջակցությամբ։
Փաստացի, Ռոբերտ Քոչարյանի՝ երկրից դուրս գալու որևէ իրավական արգելք կամ սահմանափակում այս պահին չկա։ Ստեղծված իրավիճակը հուշում է, որ գործընթացը միտված է եղել բացառապես հերթական «շոուն» կազմակերպելուն։ Նման քայլի նպատակը, թերևս, Նիկոլ Փաշինյանի հետևորդներին և հանրության լայն շերտերին մոլորեցնելն է։