876 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-24 12:56
Օրենքի դաշտում

ԱԱԾ տեսանյութի արտահոսք, սահմանի արգելք ու 22 տարվա վաղեմության գործ. Փաստաբանը՝ Ռոբրետ Քոչարյանի դատական գործի մասին

ԱԱԾ տեսանյութի արտահոսք, սահմանի արգելք ու 22 տարվա վաղեմության գործ. Փաստաբանը՝ Ռոբրետ Քոչարյանի դատական գործի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող գործել որպես զուտ տեխնիկական մարմին և պարտավոր է իրավական հստակ ստանդարտներ ու հիմնավորումներ ներկայացնել պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս։ ԿԸՀ որոշումները պետք է լինեն կանխատեսելի, պատճառաբանված և հարգեն անձի իրավունքները, հատկապես երբ գործ ունենք տասնամյակների վաղեմություն ունեցող և ակնհայտ քաղաքական երանգներ պարունակող գործընթացների հետ։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբանը՝ անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության իրավաչափությանը։
Արամ Օրբելյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն ունի բացառիկ լիազորություն՝ համաձայնություն տալու կամ մերժելու թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն վերջին շրջանի պրակտիկան ցույց է տալիս, որ հանձնաժողովը հրաժարվում է բովանդակային քննարկումից։
«Գալիս ենք, նստում ենք, խոսում ենք, ինքը ինչ-որ մի հատ ակտ է գրում, որից չենք հասկանում՝ ինչով պատճառաբանեց։ Եթե մարմինն իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է՝ իրավունք ունի նաև համաձայնություն չտալու։ Մենք փորձել ենք բոլոր արգումենտները՝ ցույց տալով, որ քրեական հետապնդումն իրավաչափ չէ, վաղեմության ժամկետն անցած է, և առանց անձի համաձայնության գործընթացն ընդհանրապես չի կարող իրականացվել»,- նշեց երկրորդ նախագահի պաշտպանը։
Ըստ փաստաբանի՝ հանձնաժողովը որևէ իրավական կամ քաղաքական գնահատական չի տվել իրենց փաստարկներին՝ պատճառաբանելով, թե իրենք դատարան չեն և ապաքաղաքական մարմին են։ Մինչդեռ, ըստ նրա, ընտրությունները կարգավորող մարմնի պարագայում պետք է խոսել ապակուսակցականության, այլ ոչ թե քաղաքական գործընթացներից ամբողջությամբ կտրվելու մասին։
Օրբելյանի խոսքով՝ արձանագրվել են նաև ընթացակարգային կոպիտ խախտումներ. պաշտպանական կողմին թույլ չի տրվել հարցեր ուղղել վարույթի ընթացքում, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի սահմանած նորմերին։