2874 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-19 18:14
Քաղաքական խաղադաշտ

27 000 ընտրողի տարբերություն ենք վերհանել. պետությունը ֆինանսավորել է ՔՊ-ի քարոզչությունը․ Հովհաննես Խուդոյան

27 000 ընտրողի տարբերություն ենք վերհանել. պետությունը ֆինանսավորել է ՔՊ-ի քարոզչությունը․ Հովհաննես Խուդոյան

Ներկայացված ընտրական խախտումներն իրենց ծավալով համակարգային են և ցույց են տալիս, որ ընտրությունները չեն ընթացել արդար ու թափանցիկ, ինչը չի կարող ենթադրել ինչ-որ առանձին միջանկյալ քայլերով հարցի լուծում, այլ պահանջում է արդյունքների ամբողջական չեղարկում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, Սահմանադրական դատարանի դիմաց հայտարարեց «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով ՍԴ ներկայացված դիմումի հիմնական փաստարկներին։

Հովհաննես Խուդոյանի փոխանցմամբ՝ դաշինքի նախընտրական շտաբը հսկայածավալ աշխատանք է կատարել, որի արդյունքում վերհանվել են լրջագույն խախտումներ ընտրողների վերջնական քանակի հետ կապված։

«Բավականին ծավալուն աշխատանք ենք կատարել և վերհանել ենք ստորագրությունների քանակի և ընտրողների վերջնական քանակի անհամապատասխանություններ։ Մոտ 340 տեղամասում 27 000 ընտրողի տարբերությամբ տվյալներ ենք ներկայացրել, որպեսզի պետական մարմիններից պարզաբանումների եղանակով հասկանանք՝ ինչպե՞ս է ստացվում, որ ընտրողների թվից պակաս 27 000 ստորագրություն կա ատյաններում։ Սա էական նշանակություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա։

Որպես ՍԴ-ում ներկայացվող հիմնական փաստարկներից մեկը՝ Խուդոյանը նշեց քննչական մարմինների բացահայտ ներգրավվածությունը իշխող ուժի քարոզարշավին։

«Արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, որ իրավապահ ու քննչական մարմինները ուղղակի քարոզչական համակցություն են ունեցել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, ինչն իր ազդեցությունն է թողել ընտրությունների ամբողջ ընթացքի վրա։ Կատարել են հրապարակումներ, որոնք չպետք է անեին՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Հրապարակել են իրավական նշանակություն չունեցող գաղտնալսումներ՝ ընդդիմությանը վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Օրինակ՝ խոսակցության մեջ հնչել է «շուն», «շանգյալ» արտահայտություն, որը որևէ հանցակազմ չի պարունակում, բայց Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները դրանք մոնտաժել ու հրապարակել են, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանա իր քարոզչության մեջ օգտագործել»,- ասաց նա։

Դաշինքի ներկայացուցիչը կասկածի տակ դրեց նաև ՔՊ-ի ֆինանսական հաշվետվությունների օրինականությունը՝ նշելով, որ պետությունն է ֆինանսավորել իշխանության քարոզարշավը։

«Մենք կարծում ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադրամով ներկայացված ծախսերը ամբողջությամբ չեն ներառում կատարված իրական ծախսերը։ Բացի այդ, մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են պետական բյուջեի հաշվին, նույնպես պետք է ներառվեին հիմնադրամում։ Դրանցից առանցքայինը մայիսի 28-ի զորահանդեսն ու ցուցահանդեսներն են, որոնք պետության կողմից շատ մեծ ֆինանսավորում են ստացել։ Դա ի սկզբանե պլանավորված չի եղել և ներառվել է քարոզչական դրույթում։ Բազմաթիվ քարոզչական նյութեր հղում են տալիս հենց այդ զորահանդեսին՝ որպես հաջողություն։ Ստացվում է, որ պետությունն է ֆինանսավորել ՔՊ-ի քարոզչությունը»,- ասաց Խուդոյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, թե պահանջելու են որոշ դատավորների չմասնակցել գործի քննությանը, Հովհաննես Խուդոյանը հաստատեց, որ իրենք ևս հակված են միանալու այդ միջնորդությանը։