Ֆրանսիայում ծայրահեղ շոգը հանգեցրել է մահացության կտրուկ աճի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։
«Ֆրանսիայում անոմալ շոգի ժամանակ գրանցվել է մահացության 1000 ավելցուկային դեպք։ Այս եղանակային անոմալիայի հետ կապված մահացու դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում տարեցներին։ Ակնկալվում է, որ այդ թիվը կաճի, երբ լրացուցիչ տեղեկություններ ստացվեն ծերանոցներում և մասնավոր տներում գրանցված մահերի մասին», - ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Եվրոպան պատուհասած ծայրահեղ շոգը գերազանցել է ջերմաստիճանային ռեկորդները, առաջացրել է էլեկտրամատակարարման խափանումներ և վնաս հասցրել ենթակառուցվածքներին։
Հունիսի կեսերին Եվրոպայում հաստատվել է անոմալ շոգ եղանակ։ Մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանի նշագծին, իսկ որոշ վայրերում՝ գերազանցել է այն։ Եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել Ֆրանսիայում, Բրիտանիայում, Նիդերլանդներում և Իտալիայում։ France 24 հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ անոմալ բարձր ջերմաստիճանի ֆոնին Եվրոպայում ծայրահեղ շոգին կբախվի առնվազն 94 միլիոն մարդ։