Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ, և դա տեղի է ունենում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արեգնազ Մանուկյանը։
Մանուկյանը քննադատեց Հայաստան ժամանած միջազգային պատվիրակություններին և եվրոպացի պաշտոնյաներին՝ նրանց ուղիղ մեղադրելով երկրում տեղի ունեցող ապօրինությունների նկատմամբ աչք փակելու և երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
ԱԺ պատգամավորը դիմեց արտաքին դերակատարներին՝ նշելով, որ հենց նրանց լռության ու հովանավորչության արդյունքում է Հայաստանը վերածվել քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ։
«Ուրսուլա ֆոն դեր Լայենների, Կայա Կալասների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո հայաստանյան փոքրիկ Հիտլերը բռնաճնշումներ է իրականացնում և չի պատժվում։ Ձեր մեղավորությամբ է, որ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիկ Չալաբյանը և մյուս բոլոր գաղափարաքաղաքական ընդդիմախոսները»,- ասաց նա։
Արեգնազ Մանուկյանի պնդմամբ՝ արտաքին ուժերի թողտվությամբ է նաև, որ հարձակում է իրականացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ոտնահարվում է Սահմանադրությունը, իսկ հայրենիքի գողերը օրը ցերեկով դարձել են ձայնագողեր ու գողացել ընտրողների քվեն։
Նա ընդգծեց, որ արևմտյան կառույցներին իրականում չեն հետաքրքրում ո՛չ արցախցիների, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ նույնիսկ ուկրաինացի ժողովրդի ճակատագրերը, քանի որ նրանց միակ նպատակն աշխարհաքաղաքական է։
«Դուք այս ամենի վրա աչք եք փակում, որովհետև ձեզ համար ամենակարևորն այն է, որ դուք ձեր խամաճիկների միջոցով իրականացնեք ձեր այդ հակառուսական կեղտոտ քարոզարշավն ու ծրագրերը՝ Հայաստանը դարձնելով հակառուսական գործիք և աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ»,- նշեց Մանուկյանը։