378 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-23 12:34
Քաղաքական խաղադաշտ

«Նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում, որպեսզի մնա միայն ՔՊ-ն»․ Սևակ Խաչատրյան

«Նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում, որպեսզի մնա միայն ՔՊ-ն»․ Սևակ Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով ընդդիմադիր ուժերի մասնակցության կարևորությունը։

Նրա խոսքով՝ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք համայնքներում ունեն կառույցներ և համակիրներ, պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին։

«ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը շատ կարևոր է, որովհետև իրականում դրանք քաղաքական պրոցեսներ են։ Բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր ունեն բջիջներ, ովքեր ունեն համակիրներ, պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին»,- ասել է Խաչատրյանը։

Պատգամավորը որպես օրինակ հիշատակել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունները՝ պնդելով, որ այդ համայնքներում ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններում հաջողության հասնելուց հետո իշխանությունների կողմից ճնշումներ են իրականացվել։

Խաչատրյանը նաև հիշատակեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքը՝ նշելով, որ մեկ տարին լրանում է այսօր։

Նրա գնահատմամբ՝ եթե նախկինում, Գյումրու և Փարաքարի օրինակներով, իշխանությունները սպասում էին ընտրությունների արդյունքներին և դրանից հետո էին, իր խոսքով, ճնշումներ իրականացնում, այժմ այդ գործընթացը տեղի է ունենում ավելի վաղ։

«Նախկինում, եթե Գյումրու և Փարաքարի օրինակով սպասում էին քվեարկության արդյունքները տեսնեին, նոր բռնաճնշումներ տեղի ունենային, հիմա, այսպես ասած, մի քիչ ավելի իրենց տեսանկյունից խելքի են եկել․ նախօրոք են բռնաճնշումներ իրականացնում, բոլոր կարող ուժերին արանքից հանում են, որպեսզի մնա միայն Քաղաքացիական պայմանագիրը»,- պնդել է նա։

Խաչատրյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է աջակցել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին։

«Բոլոր ընդդիմադիր ուժերին, ովքեր մասնակցելու են, մենք իրենց կողքին կանգնած ենք, պատրաստ ենք յուրաքանչյուր հարկ բարձրաձայնելու, գնալու իրենց համայնքներ, իրենց հետ քարոզարշավներն իրականացնելու։ Բայց ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ես կարծում եմ, որ կարևոր բան է»,- եզրափակել է պատգամավորը։