1761 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 12:26
Քաղաքական խաղադաշտ

«Ի՞նչ ենք անելու, որպեսզի դառնանք արտադրող և արտահանող երկիր». Սևակ Խաչատրյանը՝ Թունյանին

«Ի՞նչ ենք անելու, որպեսզի դառնանք արտադրող և արտահանող երկիր». Սևակ Խաչատրյանը՝ Թունյանին

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը Բաբկեն Թունյանին հարցրել է՝ ինչ քաղաքականություն է իրականացվում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դառնա ավելի արտադրող և արտահանող։

Նրա խոսքով՝ արդյոք չկա մտահոգություն, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է առաջանալ տնտեսական ակտիվության անկման ռիսկ։

«Ի՞նչ ենք մենք անելու, պետությունն ի՞նչ քաղաքականություն է վարելու, որպեսզի մենք դառնանք արտադրող, արտահանող երկիր»,- հարցրել է նա։

Խաչատրյանը նաև բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող հայ գործարարների կապիտալի հարցը։ Նրա խոսքով՝ բանկերը հաճախ խնդիրներ են ստեղծում գումարի ծագման աղբյուրը հաստատելու հարցում, և հարց է՝ արդյոք հնարավոր չէ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերել։

Թունյանը նշել է, որ արտադրության զարգացումը կարևոր է, սակայն պետությունը պետք է կենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ Հայաստանը մրցունակ է։

«Ինքնանպատակ արտադրություն խթանելը սխալ է։ Պիտի հասկանաս՝ դու ո՞ր ոլորտներում ես մրցունակ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կառավարությունը արտադրության զարգացման համար իրականացնում է լիզինգի սուբսիդավորման, ենթակառուցվածքների ֆինանսավորման և ներդրումների աջակցության ծրագրեր։ Սակայն ամենակարևոր խնդիրը, ըստ Թունյանի, միջազգային շուկաների պահանջներին համապատասխան արտադրանք ստեղծելն ու դրա համար շուկա գտնելն է։

Անդրադառնալով բանկային համակարգին՝ Թունյանը նշել է, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող կապիտալի հետ կապված խնդիրները քննարկվել են ԿԲ-ի և բանկերի ներկայացուցիչների հետ։

Նրա խոսքով՝ բանկերի խիստ մոտեցումը պայմանավորված է եղել նաև մեծ ծավալի կասկածելի կամ չհիմնավորված ծագմամբ գումարների ռիսկերով։

«Պոտենցիալ օգուտը, որը մենք կարող ենք ստանալ, շատ ավելի փոքր էր, քան այն վնասը, որը կարող է լինել»,- ասել է Թունյանը։