1254 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 12:06
Քաղաքական խաղադաշտ

«Ձեր իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունն ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից». Ֆարմանյանը՝ Թունյանին

«Ձեր իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունն ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից». Ֆարմանյանը՝ Թունյանին

ԱԺ-ում տնտեսական քաղաքականության շուրջ բանավեճ է ծավալվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի միջև։ Ֆարմանյանը իշխանությանը մեղադրել է Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանից ավելի կախված դարձնելու մեջ, իսկ Թունյանը հակադարձել է՝ նշելով, որ առևտրաշրջանառության աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել վերաարտահանման գործոնը։

Ֆարմանյանը նախ ներկայացրել է Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառության աճի վերաբերյալ թվեր՝ այն համեմատելով Եվրամիության հետ առևտրի դինամիկայի հետ։

«Ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից։ Հիմա խոսեմ փաստերով»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ 2017 թվականին Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 1.9 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին այդ թիվը շուրջ չորս անգամ աճել է։ Ֆարմանյանը հիշեցրել է նաև, որ 2024 թվականին աճը հասել էր մոտ 6.5 անգամի։

Միաժամանակ նա նշել է, որ նույն ժամանակահատվածում Հայաստան–Եվրամիություն առևտրաշրջանառությունն աճել է ընդամենը շուրջ 1.5 անգամ։

«Ինչո՞ւ է մեր երկրի տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ ընկել Ռուսաստանի Դաշնությունից ձեր կառավարման օրոք»,- հարցրել է Ֆարմանյանը։

«Պատճառն այն է, որ Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական միության մեջ»,- պատասխանել է Թունյանը՝ նկատի ունենալով ԵԱՏՄ-ն։

Թունյանի խոսքով՝ նույն տնտեսական միության կազմում լինելը երկրների միջև ստեղծում է ավելի նպաստավոր առևտրային պայմաններ, մինչդեռ այլ երկրների հետ կարող են լինել որոշակի սահմանափակումներ։

Նա նաև նշել է, որ նման համեմատություններ կատարելիս ավելի ճիշտ է դիտարկել ոչ միայն առևտրաշրջանառության բացարձակ թվերը, այլև դրանց կշիռը ընդհանուր արտաքին առևտրում։

Թունյանի խոսքով՝ 2022-2023 թվականներից սկսած Հայաստանի արտաքին առևտրի վիճակագրության շեղում ենք ունեցել իր բնականոն ռիթմից։

«Արտաքին առևտրաշրջանառության վիճակագրությունը ներառում է նաև վերաարտահանումը»,- նշել է նա։

Պատգամավորը պնդել է, որ եթե դիտարկվեն հայկական ծագման ապրանքների արտահանումը կամ այլ երկրներից ներմուծումները, ապա պատկերը ավելի հավասարակշռված է։

Թունյանը նաև ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառության մեջ նվազել է՝ մոտ 34 տոկոսից հասնելով 27 տոկոսի, մինչդեռ ԵՄ-ի մասնաբաժինը մի քանի տոկոսային կետով աճել է։

Ֆարմանյանը, սակայն, չհամաձայնեց Թունյանի ներկայացրած հիմնավորումների հետ և կրկին պնդեց, որ իշխանության օրոք Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից խորացել է։

Նա անդրադարձավ նաև վերաարտահանման փաստարկին՝ հարցնելով, թե եթե Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառության աճի հիմնական պատճառներից մեկը վերաարտահանումն է, ապա ինչու նույն ժամանակահատվածում Հայաստան–ԵՄ առևտրաշրջանառության աճը համեմատաբար փոքր է եղել։

«Եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերաարտանումներն են, պետք է ենթադրել, որ էդ թիվը ավելի մեծ պետք է լիներ, ոչ թե 1.5 անգամ ավելանար»,- նշել է Ֆարմանյանը։

Նա նաև ընդգծել է, որ կողմ է Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը՝ միաժամանակ շեշտելով, որ դա չպետք է իրականացվի այլ երկրների հետ հարաբերությունների վատթարացման հաշվին։

Ֆարմանյանը Թունյանին հարցրել է նաև, թե իշխանությունն ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել դեպի եվրոպական շուկա հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ։

Թունյանը պատասխանել է, որ վերաարտահանման գործոնը Հայաստանի արտաքին առևտրի վիճակագրության վրա մեծ ազդեցություն է ունեցել, իսկ այդ գործընթացը նաև տնտեսական հնարավորություններ է ստեղծել քաղաքացիների համար։

«Մարդկանց համար հնարավորություն է ստեղծվել գումար աշխատելու։ Եթե էդ հնարավորությունը մենք այնպես անեինք, որ մարդիկ չկարողանային օգտվել, մեզ կքննադատեին՝ ասելով՝ էդ տիպի հնարավորություն կար, խանգարեցիք»,- ասել է նա։

Թունյանը որպես օրինակ բերել է նաև ոսկու արտահանման շուրջ նախօրեին տեղի ունեցած քննարկումները՝ պնդելով, որ այդ ոլորտում խնդիրների պատճառը Հայաստանի կառավարության որոշումը չէր։

Նրա խոսքով՝ ոսկու արտահանման շղթայի հիմնական խոչընդոտը Ռուսաստանի կարգավորումների փոփոխությունն էր։