1665 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-02 14:53
Քաղաքական խաղադաշտ

Դուք գովում եք մի մարդու, ով ՀՀ-ի բանտերը լցրել է քաղբանտարկյալներով. Սողոմոնյանը՝ Ֆոն դեր Լայենին


Դուք ձեր այցով և դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երևանյան այցի առթիվ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Մենուա Սողոմոնյանը։
Սողոմոնյանը շեշտեց, որ իրենց հիմնական նպատակը բողոքի ձայնը միջազգային կառույցներին հասցնելն է, որոնք աչք են փակում մեր երկրում տեղի ունեցող բռնաճնշումների վրա։

«Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցի ղեկավարը գտնվում է այստեղ և ձեռքսեղմում է անում, գովեստի խոսքեր շռայլում մի մարդու, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Տիկի՛ն Ֆոն դեր Լայեն, այստեղ գալուց առաջ դուք գտնվում էիք Բաքվում. սեղմել եք արյան մեջ թաթախված մի մարդու ձեռք, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում»,- ասաց նա։
Մենուա Սողոմոնյանի պնդմամբ՝ արևմտյան պաշտոնյաների նմանատիպ պահվածքը միայն խրախուսում է, որ Հայաստանում մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի և սեփական կարծիքն արտահայտելու համար։ Նա հիշեցրեց միջազգային կարգախոսը՝ «Freedom is not a crime» (Ազատությունը հանցագործություն չէ)։

Շարժման ներկայացուցիչը հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իշխանություններին տրված այս «քարտ-բլանշի» հետևանքով երկրում կտրուկ վատթարացել է ներքին անվտանգային պատկերը։
«Մենք ուզում ենք մեր ձայնը հասցնել ձեզ, որ դուք իմանաք՝ այդ թվում ձեր խրախուսմամբ է, որ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում բուն հանցագործություններով։ Երկրում աճում են սպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունն ու հանցագործության ընդհանուր մակարդակը»,- նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ողջ իրավապահ համակարգն այսօր ծանրաբեռնված է բացառապես գործող իշխանության քաղաքական օպոնենտների դեմ «գործեր կարելով»։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսում են ազատությունից, սահմանադրականությունից և պաշտպանում են ընտրական իրավունքը, այսօր բանտերում են։ Այդ բռնաճնշումները հավասարապես վերաբերում են ինչպես հին ու փորձառու, այնպես էլ քաղաքական դաշտ մուտք գործած նոր ուժերին»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։