Պատմաբան, «Երկիր.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իշխանություն» լրատվականի հրապարակմանը, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում կենդանաբանական այգու աշխատակից է վնասվածք ստացել։
Սարգսյանը հիշեցրել է Դրոյի ձիու մասին հայտնի պատմությունը՝ ներկայացնելով տարածված հուշերը, համաձայն որոնց՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան իշխանությունները բռնագրավել էին Դրոյի անձնական գույքը, այդ թվում՝ նրա ձին, իսկ այն հեծնելու փորձ կատարած Ավիս Նուրիջանյանը, ըստ պատմության, ընկել էր ձիուց։
«Այդ օրերին մարդիկ ասում էին․ «Դրոյի ձին անգամ չհանդուրժեց, որ իրեն դավաճան հեծնի»»,– գրել է Սարգսյանը։
Գրառման ավարտին պատմաբանը զուգահեռ է անցկացրել պատմական այդ պատմության և վերջին օրերի դեպքերի միջև՝ նշելով. «Իհարկե, տարբեր են ժամանակաշրջաններն ու գործող անձինք․ մի դեպքում թիրախում հռչակավոր զորավար է, մյուս դեպքում՝ հայտնի գործարար, բայց երևույթը նույնն է, ուղերձը՝ նույնպես, ուղերձ, որի հասցեատերն ամենևին էլ կենդանաբանական այգու աշխատակիցը չէ»։