8565 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-31 19:10
Քաղաքական խաղադաշտ

«Չեմ զոհվել, որ վերադառնամ ու փոխեմ իրեն ու իր ավազակախումբը». Շիրազ Մանուկյան

Նոր խորհրդարանի տարիքով ամենափոքր պատգամավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Շիրազ Մանուկյանն է։ Նա «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հայտարարում է, որ քաղաքականություն է մտել բացառապես մեկ նպատակով՝ հեռացնել գործող իշխանությանը։ Մանուկյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է այլ պետության շահերը, Ռուբեն Ռուբինյանից պահանջում է հրապարակել Թուրքիայում իր գործունեության բոլոր մանրամասները և ասում, որ խորհրդարանում պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ֆիզիկական բախումների։

Մանուկյանն ասաց, որ քաղաքականություն մտնելու որոշման գլխավոր պատճառը 2020 թվականի պատերազմն էր, որին ինքը մասնակցել է որպես ժամկետային զինծառայող։

«Ես իմ գործունեությունը ծավալել եմ այն գաղափարի շուրջ, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Այդտեղ տրիգերը պատերազմն էր։ Այն աղետը, որը տեսել է հայ ժողովուրդը, ես տեսել եմ իմ աչքերով, և ինձ համար կա մեկ նպատակ՝ այս իշխանությունը պետք է հեռանա»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար պատրաստ է օգտագործել բոլոր քաղաքական հնարավորությունները։
Անդրադառնալով նոր խորհրդարանում հնարավոր լարված իրավիճակներին՝ Մանուկյանը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած զարգացման։

«Բոլոր հնարավոր տարբերակներում պետք է պատրաստ լինել։ Եթե անգամ Վահագն Ալեքսանյանը փորձի ինձ հետ բանավեճի մեջ մտնել, կարծում եմ՝ կարող եմ բարձրացնել նրա կրթական ցենզը, քանի որ նա դեռ շատ բան ունի սովորելու»,- ասաց պատգամավորը։
Մանուկյանը կրկին կասկածներ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայում իրականացրած հետազոտական աշխատանքի վերաբերյալ՝ պնդելով, որ վերջինս պետք է հանրությանը պարզաբանի այդ ժամանակահատվածի իր գործունեությունը։

«Ռուբեն Ռուբինյանը ինքն է խոստովանել, որ հետազոտական աշխատանք է կատարել Թուրքիայում։ Ինձ համար տարօրինակ է, որ այնտեղ գտնվելուց անմիջապես հետո հայտնվեց 2018 թվականի հեղափոխության գործընթացներում։ Այսքան պատահականություններ պարզապես չեն լինում»,- ասաց նա։

Պատգամավորը նաև հիշեցրեց Ռուբինյանի նախկին հայտարարությունը «երկկողմանի վերբովկայի» մասին՝ նշելով, որ այդ ձևակերպումն ինքնին բազմաթիվ հարցեր է առաջացնում։

«Եթե ինքը խոսում է երկկողմանի վերբովկայի մասին, ապա պետք է ասի՝ ում հետ է հանդիպել, ինչ գործունեություն է ծավալել և ինչ կապեր է ունեցել։ Եթե խոսում ենք թափանցիկության մասին, թող ամբողջությամբ ներկայացնի այդ շրջանը»,- նշեց Մանուկյանը։
Խոսելով իր քաղաքական ճանապարհի մասին՝ նա ընդգծեց, որ Հայաստանի ամենաերիտասարդ պատգամավորներից մեկն է, սակայն վստահ է՝ բավարար փորձ ու պատրաստվածություն ունի։

«Ես քաղաքականություն չեմ մտել իմ ցանկությամբ։ Մտել եմ այն ցավից հետո, որը տեսել եմ 2020 թվականի պատերազմում։ Հասկացել եմ, որ այն, ինչ մեզ հրամցվում է, առավելապես այլ պետության շահերն է ներկայացնում»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հաճախ վերագրվող արտահայտությանը՝ «ինչո՞ւ չեք զոհվել», Մանուկյանը պատասխանեց.
«Չեմ զոհվել, որովհետև վերադարձել եմ, որ փոխեմ իրեն ու իր ավազակախումբը»։

Մանրամասները՝ տեսանյութում