«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ մի խումբ քաղաքացիներ վիճում և հայհոյում են միմյանց։ Տեսանյութում երևում է, որ վիճաբանությունը վերածվել է նաև ծեծկռտուքի։
«Իշխանություն» լրատվականը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Առինջի Խաչատուր Աբովյան թաղամասում։ Բնակիչ Ալլա Մխիթարյանի փոխանցմամբ՝ վեճի մասնակիցներն են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող «Էն Այ Քոնսթրաքշն» կառուցապատող ընկերության աշխատակիցները և թաղամասի բնակիչները։
Ըստ Մխիթարյանի՝ նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ապօրինի ճանապարհով, կառուցել է երկու 8 հարկանի շենք, որոնք արդեն հանձնվում են շահագործման՝ առանց կոյուղատար համակարգի։ Ընկերությունն այժմ պատրաստվում է քանդել թաղամասի նեղ փողոցը՝ արգելված վայրում կոյուղատար խողովակներ անցկացնելու համար։
Հսկայական ունեցվածքի տեր Վահե Նիկոյանը եղել է Տարոն Մարգարյանի տեղակալը։
Դատախազությունը նրա գույքի ծագումն ապօրինի է համարում և Հակակոռուպցիոն դատարանից պահանջում է 6 տարի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոյանից և նրա հետ փոխկապակցված անձից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։
Ալլա Մխիթարյանը պնդում է, որ 8 հարկանի շենքերի կառուցապատումն իրականացրած «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության բաժնետերերից մեկը Վահե Նիկոյանի մայրն է՝ Սեդա Սաֆարյանը, իսկ մյուսը՝ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Արտյոմ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ Նիկոյանը շարունակում է բիզնես գործունեությունը այն դեպքում, երբ նրա ունեցվածքի օրինական ծագումը դրված է հարցականի տակ, եւ վերջինս անցնում է քրեական վարույթով։
Հ․Գ․ «Իշխանություն» լրատվականը պատրաստ է ներկայացնել Վահե Նիկոյանի, Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի, և «Էն Այ Քոնսթրաքշն» ընկերության դիրքորոշումները՝ բնակիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ։
Լիա Սարգսյան