1770 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-14 14:58
Քաղաքական խաղադաշտ

Աննա Գրիգորյանը խոսել է ԱԺ-ում ստեղծված իրավիճակի մասին

Աննա Գրիգորյանը խոսել է ԱԺ-ում ստեղծված իրավիճակի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում ստեղծված իրավիճակին։

Նա նշել է, որ իշխանության դիրքորոշումը պետք է հստակ լինի՝ արդյոք այն վերաբերում է բոլոր ընդդիմադիր ուժերին, թե առանձին դեպքերի։

«Մեզ նաև հետաքրքիր է՝ առհասարակ ինչպիսին է իշխանության դիրքորոշումը։ Եթե իրենք պետք է մերժեն ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուներին, հետագա մեր գործողությունները համապատասխան պետք է լինեն»,- ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով «Ռոբերտ Քոչարյանի թիմը ինչպե՞ս կարող է մարդու իրավունքներ պաշտպանել» քննադատություններին՝ նա նշել է, որ եթե կան քրեական գործեր, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։

«Եթե կան քրեական գործեր, թող այդ քրեական գործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվեր, և ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվեր, և որևէ բուն գործընթացներ տեղի չունենային»,- ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության թեման առաջնային է, և իրենք պատրաստ են բարձրաձայնել քաղաքական հետապնդումների մասին։

Նա նաև հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է ղեկավարել միայն մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, իսկ մյուս հանձնաժողովների նախագահների պաշտոնները ստանձնելու հարցում նման հետաքրքրվածություն չկար։

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքի արագացման անհրաժեշտությանը՝ Գրիգորյանը նշել է, որ կարևոր է հնարավորինս արագ ավարտել խորհրդարանի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքին։

«Եթե այս բոլոր քննարկումները լինեին ժողովրդի կոնկրետ խնդիրների մասին, միանշանակ, եկեք մանրամասն քննարկենք։ Բայց եթե սա վերաբերում է կաթողիկոսի անունը այլ ձևով հնչեցնելուն և դրան հակադարձելուն, ես վստահ չեմ, որ դա մեր ժողովրդի պահանջն է այս Ազգային ժողովից»,- նշել է նա։